ՀԱԿ-ը եթե դառնա կուսակցություն, ՀՀՇ-ն կդադարի գոյություն ունենալ. Թովմասյանը բացատրել է մեխանիզմը
Հայոց Համազգային շարժում կուսակցությունը չի կարող լինել Հայ Ազգային կոնգրեսի կազմում. ՀԱԿ-ը եթե դառնա կուսակցություն, ՀՀՇ-ն կդադարի գոյություն ունենալ: Այսօր Ազգային ժողովում մեկնաբանելով ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու իրավական մեխանիզմները, հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Մի կուսակցության մեջ կուսակցություն չի կարող լինել, բայց այս չորս-հինգ կուսակցությունները կարող են դառնալ մեկ կուսակցություն», -ներկայացրեց նա:
Նախարարը նաև հստակեցրեց, որ Կուսակցությունների մասին օրենքով կուսակցությունը վերակազմակերպվում է և կարող է ունենալ ցանկացած անվանում ու այդ պարագայում կարող է համարվել այս կամ այն կուսակցության իրավահաջորդ:
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի տեսակետը, որը պնդել էր, թե ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու փաստը չի կարող պարրրտադրել, որ ՀՀՇ-ն լուծարվի:
«Եթե կարդաք «Կուսակցությունների մասին» օրենքը, կտեսնեք, որ կան շատ այլ հնարավորություններ», -ասել էր Արամ Մանուկյանը` միևնույն ժամանակ նշելով, որ ինքը համաձայն է, որ ՀԱԿ-ը դառնա մեկ կուսակցություն: