Կաթնամթերքի գների բարձրացման վերաբերյալ դիմում միայն «Չանախ»-ն է ներկայացրել. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունները շարունակում է
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանձնարարել է կաթնամթերքի շուկայում իրականացվող ուսումնասիրությունները հնարավորինս շուտ ավարտվել: Հիշեցնենք, որ օրերս կաթնամթերք արտադրող «Չանախ» ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ և տեղեկացրել, որ կաթնամթերքի ինքնարժեքի ավելացման հետ կապված` առաջիկայում հնարավոր են գնային փոփոխություններ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը նշեց, որ «Չանախ» ընկերությունը գնային փոփոխությունների վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացրել է որոշակի տեղեկատվություն, սակայն ՏՄՊՊՀ-ն այդ տեղեկատվությունը չի կարող հիմք ընդունել: «Հանձնաժողովը ևս իր ուսումնասիրությունն է սկսել: Այսօր կաթնամթերքի շուկայում կատարվում են գնագոյացման ուսումնասիրություններ, որի արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացնենք»,- ասաց Գ.Սահակյանը:
Նրա խոսքերով, բացի «Չանախ»-ից, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող որևէ ընկերությունից գների բարձրացման վերաբերյալ դիմում չեն ստացել:
Հիշեցնենք, որ 2012թ-ի դեկտեմբերի վերջին Ա.Շաբոյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքում գնային փոփոխություններ կան: Գ.Սահակյանը նշեց, որ դեռ այդ ժամանակվանից Հանձնաժողովը շուկայում ուսումնասիրություններ է իրականացնում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ընկերությունները փոխադարձ համաձայնության եկած լինեն, Գ.Սահակյանը նշեց. «Չեմ կարող ոչինչ բացառել, բայց նաև չեմ կարող հաստատել, ուսումնասիրությունները կպարզեն իրավիճակը, կտեսնենք ինչ գնով է գյուղացուց կաթը ձեռք բերվում, վերամշակման ընթացքում ինչ ծախս է արվում, լրացուցիչ ինչ հումք է օգտագործվում և այլն: Միայն այս ամենի մասին պատկերացում կազմելուց հետո նոր կկարողանանք ասել, թե որն է կաթնամթերքի գների բարձրացման պատճառը»,- ասաց ՏՄՊՊՀ մամլո քարտուղարը:
Նշենք, որ այսօր մայրաքաղաքի սուպերմարկետներում կաթնամթերքը վաճառվում է հետևյալ գներով. 500 գ. մածունը` 220-250 դրամով, 450 գ.թթվասերը`430-450 դրամով, կաթնաշոռը` 370 դրամով, 1լիտր կաթը` 330-350 դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են