«Անհաղթահարելի խոչընդոտ»-ը չի կարող ծառայել թեկնածուների քմահաճույքին
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպի և մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջության վատթարացման հանգամանքներին ու հնարավոր հետեւանքներին ` «Голос Армении»-ն գրում է, որ ընտրական գործընթացը խեղելու նպատակ ունեցողները մոռանում են մեկ սկզբունքային հանգամանքի մասին. Երբ խոսվում է «անհաղթահարելի խոչընդոտ»-ի մասին, որի արդյունքում կարող է դիտարկվել ընտրությունների հետաձգումը, ակնարկվում են այն խոչընդոտները, որոնք առաջանում են թեկնածուների կամքից անկախ: Այլապես` յուրաքանչյուր թեկնածու, ով ցանկանում է սաբոտաժի ենթարկել ընտրությունները, կարող է մինչև գլուխն իրեն թաղել տա ավազի մեջ և հայտարարի «անհաղթահարելի խոչընդոտ»-ի մասին: Թերթը նաև նկատում է, որ յուրաքանչյուր թեկնածու միայն իր անձի համար կարող է դիմել Սահմանդրական դատարան «անհաղթահարելի խոչընդոտ»-ի հարցով, այսինքն` տվյալ պարագայում Պարույր Հայրիկյանի միջադեպի կապակցությամբ այլ թեկնածուները ՍԴ դիմել չեն կարող: