Հարցված քաղաքացիների 54 տոկոսը գոհ չէ կառավարության գործունեությունից. «Գելլափ ինթերնեյշընըլ»
Հայաստանի նախագահի գործունեությունից գոհ է «Գելլափ ինթերնեյշընըլ» հայաստանյան ընկերության կողմից հարցված քաղաքացիների 52 տոկոսը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Գելլափ ինթերնեյշընըլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով փետրվարի 2-5-ն իրականացված հետազոտության արդյունքները:
Հայաստանի նախագահի գործունեությունից գոհ չէ 38 տոկոսը, իսկ տասը տոկոսը դժվարացել է պատասխաններ տալ:
Ըստ նույն հարցման տվյալների, կառավարության գործունեությունից գոհունակություն է հայտնել քաղաքացիների 36 տոկոսը, հարցված քաղաքացիների մեծ մասը` 54 տոկոսը դժգոհ է կառավարության գործունեությունից, իսկ տասը տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին:
Հայաստանի Ազգային ժողովի գործունեությունը չի բավարարում հարցված քաղաքացիների 56 տոկոսին, 31 տոկոսն է հավանում խորհրդարանի աշխատանքը, իսկ 12 տոկոսն էլ դժվարացել է պատասխան տալ:
Նշենք, որ կատարված սոցիոլոգիական հարցման ընտրանքի ծավալը կազմել է 1080, հարցվել են 18-ից բարձր քաղաքացիները, պատահական սկզբունքով: