ԻԻՀ հոգևոր առաջնորդը՝ ԱՄՆ-ին. Զենքը պահել եք Իրանի վրա և ցանկանում եք բանակցել
ԱՄՆ-ի՝ բանակցությունների առաջարկն այն ժամանակ իմաստ կունենա, երբ հակառակ կողմը բարի կամք ցուցաբերի:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր ԻԻՀ ԶՈւ հրամանատարների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ, ԶՈւ գլխավոր հրամանատար Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը, ի պատասխան ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հնչած հայտարարությանը, թե Վաշինգտոնը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել, մասնավորապես նշել է. «Ես դիվանագետ չեմ, ես հեղափոխական եմ. իմ խոսքը պարզ է և դիպուկ: Դուք՝ ամերիկացիներդ, զենքը պահել եք մեզ վրա և ասում. «կամ բանակցում եք, կամ կրակում ենք»: Լավ իմացեք, ճնշումն ու բանակցությունները միմյանց հետ չեն զուգակցվում»:
Նշենք, որ օրերս Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին էլ իրանական «փրեսսթիվի.իռ» կայքին տված հարցազրույցում, մատնանշելով Իրաքի և Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ի և Իրանի միջև մինչ այդ տեղի ունեցած բանակցությունները, նշել է, որ Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցություններն արգելված գոտի չեն և Թեհրանը ողջունում է ԱՄՆ-ի՝ Իրանի հետ ուղղակի բանակցելու պատրաստակամությունը:
Իսկ ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացված ուղղակի բանակցությունների մասին տեղեկատվությանը, մասնավորապես նշել էր. «Ես ոչ Օմանում, ոչ էլ այլ երկրում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեմ անցկացրել: Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը գտնվում է հոգևոր առաջնորդի լիազորությունների ներքո. Ալի Խամենեին մինչ այժմ որևէ մեկին ԱՄՆ-ի հետ բանակցելու թույլտվություն չի տվել»:
ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդը հանդիսանում է երկրի ԶՈւ գերագույն հրամանատարը և նրա լիազորությամբ է մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը: