Արամ Մանուկյանը համաձայն է, որ ՀԱԿ-ը կուսակցություն դառնա. «Նոր ֆորմատը ադեկվատ է»
Հայ Ազգային կոնգրեսի` կուսակցություն դառնալու փաստը ամենևին չի պարտադրում, որ ՀՀՇ-ն լուծարվի: Եթե կարդաք «Կուսակցությունների մասին» օրենքը, կտեսնեք, որ կան շատ այլ հնարավորություններ, -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցին:
Հիշեցնենք, որ այսօր հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ Կոնգրեսի ներսում քննարկվում է ՀԱԿ-ը միասնական կուսակցություն դարձնելու գաղափարը:
Մանուկյանը նաև ասաց, որ Կոնգրեսի լուծարվելու և մեկ կուսակցություն դառնալու մասին Հայոց Համազգային շարժում կուսակցությունը պաշտոնական դիրքորոշում կհայտնի «շատ կարճ ժամանակում»:
Ինչ վերաբերում է Կոնգրեսի ներսում քնանրկումներին, ապա Մանուկյանն ասաց, որ ինքն այդ քննարկումներին չի մասնակցել: «Եթե ուրիշները մասնակցել են այդ քննարկումներին, դա իրենց գործն է: Յուրաքանչյուր կուսակցություն ինքը պետք է որոշի իր անելիքը», հավելեց պարոն Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ստեղծված իրավիճակում նոր ֆորմատի ստեղծումը «ադեկվատ» է: «Սա պարզապես ճիշտ արձագանքն է ժամանակին, այսօրվա իրավիճակին: Ես այդ քայլը գնահատում եմ շատ ճիշտ, ինձ համար նորություն չէր այդ քայլը և լիովին համաձայն եմ այդ մոտեցմանը: Ընտրություններից հետո ընդդիմությունը նոր ասելիքով և նոր ֆորմատով պետք է հանդես գա»,- ընդգծեց Մանուկյանը:
Ինչ վերաբերում է նոր ձևավորվելիք կուսակցության առաջնորդի ով լինելուն, Մանուկյանն ասաց, որ ինքն այդ մասին ոչինչ չի կարող ասել. «Եթե կուսակցութունը չկա, ես ինչպես այդ մասին որևէ բան ասեմ: Ես կառաջարկեի Լևոն Տեր-Պետրոսյանին», նկատեց նա:
Հարակից լուր. Փաշինյանը չի մեկնաբանում ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու մասին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը