«Լևոն Տեր-Պետրոսյանը չի լքի մեծ քաղաքականությունը, սակայն նրա ազդեցությունը ՀԱԿ-ի ներսում կարող է որոշակիորեն նվազել»
Լևոն Տեր-Պետրոսյանը չի լքի մեծ քաղաքականությունը, սակայն նրա ազդեցությունը ՀԱԿ-ի ներսում կարող է որոշակիորեն նվազել: Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ նա կարող է դառնալ ՀԱԿ-ի հիմքի վրա ձևավորվելիք նոր կուսակցության խորհդանշական առաջնորդ, արդյո՞ք դա չի նշանակում, թե նա պատրաստվում է լքել ակտիվ քաղաքականությունը, նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նշենք, որ պարբերականներից մեկին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի հիմքի վրա ձևավորվելիք նոր կուսակցությանը, նշել է. «Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։ Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը»:
«Լևոն Տեր-Պետրոսյանի` կազմավորվելիք նոր կուսակցության խորհրդանշական առաջնորդի դերում հանդես գալը կնշանակի, որ տվյալ կուսակցության դե յուրե առաջնորդը որոշումներ կայացնելուց առաջ խորհդակցելու է սիմվոլիկ, մի գուցե, դե ֆակտո առաջնորդի հետ: Մյուս կողմից` մի գուցե Տեր-Պետրոսյանը փորձում է նվազեցնել կառույցում իր ազդեցությունը և իրականացնել որոշակի սերնդափոխություն: Իսկ ՀԱԿ-ում դրա կարիքը զգացվում է»,- նշեց Ա. Մարկարովը:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հայտնած կարծիքին, այն է` շուտափույթ չբացահայտումով «անջնջելի բիծ է ընկնելու թե՛ ընտրությունների օրինականության, թե՛ ընդհանրապես պետության վարկի վրա», քաղաքագետը նշեց.
«Իմ կարծիքով, այս հանցագործության դժվար թե ազդի ընտրությունների օրինականության վրա: Դա ընդամենը որոշակի ֆորսմաժորային իրավիճակ է, որը հստակ կարգավորվում է գործող օրենսդրությամբ»: