Ի.Մուրադյանի համար Ր. Հովհաննիսյանը «սվիտերով ու ջինսերով տեխասցու» իմիջ է ձևավորել
«Ես չեմ զգում, թե նախագահի թեկնածուների գործողություններում ինչ-որ օրիգինալ բաներ կան»,-այսօրվա ասուլիսում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ նախագահի թեկնածուները ընտրել են ճիշտ քաղաքական տեխնոլոգիաներ քարոզարշավն անցկացնելու համար նշեց քաղվերլուծաբան Իգոր Մուրադյանը:
Անդրադառնալով թեկնածուներին, նա, մասնավորապես, նշեց, որ գրել է թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, որ պատրաստ է իրեն աջակցել, միայն թե նա դադարեցնի հացադուլը, սակայն Ղուկասյանի արձագանքը բացասական է եղել. «Ես միշտ դեմ եմ եղել հացադուլներին, քանի որ դա, ըստ իս, տղամարդուն վայել կեցվածք չէ: Ճիշտ չի, երբ տղամարդը նման մեթոդով պայքարում է քաղաքական դաշտում… ես ընդհանրապես չեմ հասկանում, թե այս էպատաժն ինչի համար էր պետք»,- ասաց բանախոսը:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ամուր պահում է իշխանությունը, իսկ բացի այդ, նա իսկապես ունակ է կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացնում է:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա Իգոր Մուրադյանի գնահատմամբ, նա իր շուրջ ձևավորել է «տեխասցի պատանու իմիջ` սվիտերով, ջինսերով ու սոմբրերոյով». «Դա վատ չի` շատ հարմար աշխատանքային համազգեստ է… բարևում է մսավաճառների, վարսավիրների, մյուսների հետ և այլն, վատ չի… Բայց այլ բան նրա պարագայում ես չեմ նկատել»,- նշեց քաղվերլուծաբանը:
Հիշատակեց նաև Հրանտ Բագրատյանին. «Նա բացարձակ հիմարություններ է դուրս տալիս, որը նույնիսկ չգիտեմ էլ, թե ում է պետք: Ո՞ւմ է դա ուղղված, եթե Բագրատյանին ոչ ոք չի հասկանում` ոչ տնտեսագետները, ոչ էլ սովորական մարդիկ, որոնց հաստատ այլ բան է պետք լսել» :
Սակայն ամենից օրիգինալը բանախոսի համար էպոսագետն է, ում Ի.Մուրադյանը համարում է ամենակարդացած թեկնածուն, որ երբևէ եղել է:
Նախորդիվ` Ի.Մուրադյան. Ընտրությունները մրցակցային են, ընտրազանգվածի զգալի մասը բողոքական է