Անդրիաս Ղուկասյանին կընտրի 0.0 տոկոսը, իսկ նրան հակակրում է 22 տոկոսը. «Գելլափ»-յան հարցում
Եթե Հայաստանի նախագահական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին պատրաստվում է քվեարկել «Գելլափ ինթերնեյշընըլ» հայաստանյան ընկերության կողմից հարցված քաղաքացիների 68 տոկոսը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Գելլափ ինթերնեյշընըլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով փետրվարի 2-5-ն իրականացված հետազոտության արդյունքները:
Երկրորդ տեղում թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն է, որի օգտին քվեարկելու մտադրություն է հայտնել հարցվածների 24 տոկոսը, Պարույր Հայրիկյանը 3-րդ տեղում է հավաքած տոկոսներով` 5 տոկոս, իսկ Հրանտ Բագրատյանի օգտին, եթե կիրակի տեղի ունենային ընտրությունները, կքվեարկեր հարցվածների 2 տոկոսը: Մյուս թեկնածուները հավաքել են զրո և մի փոքր ավելի տոկոսներ, իսկ ահա Անդրիաս Ղուկասյանը, որը 15 օրից ավելի է` գտնվում է հացադուլի մեջ, «հավաքել է» 0.0 տոկոս: Նույնքան տոկոսներ հավաքել է նաև թեկնածու Արման Մելիքյանը:
Ասոցիացիան նախ` ուսումնասիրել է թեկնածուների, այսպես կոչված, հակավարկանիշները, այսինքն, թե հարցվածներից որքանն են հակակրանք արտահայտել տվյալ թեկնածուի նկատմամբ: Ըստ Արամ Նավասարդյանի ներկայացրած տվյալների, Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ամենաշատն են հակակրանք արտահայտել. հարցվածների 22 տոկոսը նրան չէր ընտրի: Այս աղյուսակում երկրորդ տեղում է Սերժ Սարգսյանը` նրան չէր ընտրի հարցվածների 21 տոկոսը, այնուհետև Հրանտ Բագրատյանն է. նրան չէր ընտրի 20 տոկոսը, Վարդան Սեդրակյանին 11 տոկոսը, Արամ Հարությունյանի նկատմամբ հակակրանք է արտահայտել հարցվածների 9 տոկոսը, Պարույր Հայրիկյանի նկատմամբ հարցվածների 7 տոկոսը, Արման Մելիքյանի նկատմամբ` 7 տոկոսը, և վերջապես ամենաքիչը` 4 տոկոսը ասել է, որ չի ընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ընտրություններին «անպայման» կմասնակցի հարցվածների 69 տոկոսը, «հավանաբար» կմասնակցի 11 տոկոսը, իսկ «հաստատապես» չի մասնակցելու ու դեռ չի կողմնորոշվել հարցվածների 8-ական տոկոսը: «Հավանաբար» չի մասնակցելու ընտրություններին հարցվածների չորս տոկոսը:
Նշենք, որ կատարված սոցիոլոգիական հարցման ընտրանքի ծավալը կազմել է 1080, հարցվել են 18-ից բարձր քաղաքացիները` պատահական սկզբունքով: