Ֆիշերի հետագա պաշտոնավարումը կասկածի տա՞կ. Նաիրա Զոհրաբյանը նամակ է գրել ԵԽԽՎ համազեկուցողին
Ադրբեջանական «APA» գործակալությունում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի որոշ հայտարարություններ մտահոգություններ են առաջացրել հայկական կողմի մոտ, և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 7-ին նամակ է գրել համազեկուցողին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, տիկին Զոհրաբյանն ասաց, որ ինքը նամակով խնդրել է պարզաբանել արդյո՞ք ինքն է այդ հայտարարությունների հեղինակը, թե՞ հերթական անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում` խեղաթյուրելով զրուցակիցների մտքերը:
Նշենք, որ օրերս ադրբեջանական «APA» գործակալությունը մեջբերել էր Ֆիշերի հայտարարությունը, որտեղ խոսվում էր այսպես կոչված Հայաստանի «զավթիչ» լինելու մասին և այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը մտահոգիչ է իր համար:
«Մշտապես ձեռնպահ եմ մնում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված նյութերին արձագանքելը, որովհետև որպես կանոն դրանք բացարձակ ապատեղեկատվություն են լինում և որպես կանոն, կոնտեքստից կտրված, խեղաթյուրված: Այդուհանդերձ այն հրապարակումը, որը վերագրվում է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերին մտահոգության տեղիք տալիս է», -մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԵԽԽՎ համազեկուցող Աքսել Ֆիշերին ուղղված նամակում տիկին Զոհրաբյանը խնդրել է պարզաբանել` արդյոք ադրբեջանական լրատվամիջոցում իրեն վերագրված հայտարարությունների հեղինակն իսկապես ինքն է: Իսկ եթե պարզվեց, որ Ֆիշերը նման խոսքեր ու մտքեր չի արտահայտել, ապա եվրոպացի դիվանագետը, ըստ Զոհրաբյանի, պետք է անպայմանորեն հերքում տա:
«Այլապես եթե Ֆիշերը կպնդի, որ այդ լրատվամիջոցում հրապարակված ու իրեն վերագրված հայտարարությունը ու ձևակերպումները, որոնք կրկնում են ադրբեջանական քարոզչությանը, իրենն են, իմ հաջորդ քայլը լինելու է այն, որ ԵԽԽՎ-ում բարձրացնելու եմ նրա` Հայաստանի հարցով համազեկուցող լինելու նպատակահարմարությունը, որովհետև նման կողմնորոշումներ ունեցող գործիչը չի կարող իր գնահատականներում լինել անաչառ», -հավելեց Զոհրաբյանը:
Այդուհանդերձ, ԱԺ պատգամավորը կասկածում է, որ ԵԽԽՎ համազեկուցողը նման հայտարարություններ կարող է անել, քանի որ նա ղարաբաղյան հիմնախնդրի մասին երբևէ նման գնահատականներ չի հնչեցրել:
«Բացի այդ, որպես Հայաստանի հարցով համազեկուցող, հույս ունեմ, որ նա այնքան խոհեմություն և սթափություն ունի` հասկանալու, որ նման հայտարարությունները ուղղակիորեն կարող են վտանգել նրա` համազեկուցող լինելու հարցը: Բնականաբար, հայկական կողմը, եթե այդ հայտարարությունները իրականությանը համապատասխանում են, պետք է բարձրացնի այդ հարցը», -ասաց ԱԺ պատգամավորը` նշելով, որ իր և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հետագա քայլերը պայմանավորված կլինեն Ֆիշերի պատասխանով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են