Ա.Մանուկյանը դեմ է ՀՀՇ-ի լուծարմանը
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախօրեին հայտարարել էր, որ պարտադիր չի ՀՀՇ-ն լուծարվի, որ ՀԱԿ-ը կուսակցություն դառնա: Ինչը, սակայն, որոշակիորեն հակասում է օրենսդրությանը. «Իսկապես կուսակցություն կուսակցության մեջ լինել չի կարող` օրենքը դա արգելում է: Օրենքը թույլ է տալիս ստեղծել քաղաքական միավոր. Քաղաքական միավորների միաձուլմամբ, ինքնալուծարմամբ, վերակազմավերվելով ` սրանք են իրավական հնարավոր միջոցները, որոնց միջոցով հնարավոր է ստեղծել քաղաքական նոր ուժ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա ու տեղեկացրեց, որ ՀՀՇ-ն այսօր վարչության նիստ կգումարի, այնուհետ կլինեն տարածքային կառույցներում քննարկումներ և այլ քննարկումների արդյունքում կընդունվի որոշում համագումար անելու վերաբերյալ:
Եթե դրական որոշում լինի. «Միայն համագումարը կարող է որոշում կայացնել նշածս ձևերից որևէ մեկին հավանություն տալու համար: Դրա համար ժամանակ կա, կարծում եմ մեկ ամիս կտևի գործընթացը: Բայց շուրջ մեկ ամիս է մեզ մոտ քննարկումներ գնում են շարժման հետագայի վերաբերյալ»,- ընդգծեց նա` հավելելով, որ այն, ինչ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո իրենց համար անակնկալ չէր:
Իսկ իր անձնական կարծիքը նա է, որ կուսակցությունը լավ ու ադեկվատ լուծում է ընտրություններից հետո շարժումը շարունակելու համար, քանի որ այս ճանապարհով շարժումը ավելի կուռ կդառնա.
«Եթե կուսակցության մեջ ընդգրկվեն կոնգրեսի բազմահազար անկուսակցական ակտիվիստները, ապա այն շատ հզոր կդառնա: Ինձ համար շատ կարևոր է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը շարունակել պայքարը ու այն ղեկավարել, սա ևս խթան կհանդիսանա վերահիշյալ կառույցը կայացնելու համար»,- շեշտեց Ա.Մանուկյանը:
Թեև ինքը հակված չէ լուծարման տարբերակին, քանի որ դա նշանակում է գիծ գծել անցյալի ու ապագայի միջև: Ավելին, եթե ընտրվի լուծարման ճանապարհը, ապա ՀՀՇ-ն կկորցնի մի շարք արտոնություններ եվրոպական կառույցներում, այդ իսկ պատճառով նա կողմ է վերակազմավորման ճանապարհին. «Ինձ համար կարևոր է, որ նոր ֆորմատը լինի վստահելի»,- հավելեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը: