Ջհանգիրյանն էլ է կողմ եղել դատախազների համազգեստ կրելուն
«Հրապարակը» գրել է. «Փետրվարի 1-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում մի խայտառակ օրինագծի հաստատմանն աջակցել է նաև ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը կողմ է քվեարկել այդ օրինագծին: Խոսքը «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» է, որով նախատեսվում է այդ համակարգում համազգեստ կրելը պարտադիր դարձնել, և բյուջեն ստիպված կլինի մի քանի 100 հազար դոլարի հատկացում անել: Այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը բարձրացնում են 2.5 հազար դրամով: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած նախագիծը պետաիրավականի նիստում ընդամենը մեկ «դեմ» է ունեցել՝ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ինչը թերևս կարելի է բացատրել ԲՀԿ-ի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ բարիդրացիական վերաբերմունքով: Ընդդիմադիրներից նիստին չեն մասնակցել Զարուհի Փոստանջյանը և Արծվիկ Մինասյանը, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ՀՀԿ-ականներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Հովհաննես Սահակյանն ու Լևոն Մարտիրոսյանը կողմ են քվեարկել, և հարցը մտել է օրակարգ»: