Կոնգրեսը կուսակցության վերածելիս դրան մաս կկազմեն անդամ 13 քաղաքական ուժերից միայն 3- 4-ը
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հարցազրույց էր տվել, որտեղ հայտարարել էր, որ «ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի և անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցները այս առիթով մեկնաբանություն են վերցրել ՀԱԿ կազմում մնացած կուսակցությունների և քաղաքական-հասարակական նախաձեռնությունների ղեկավարներից: Հարցին, թե նրանք ի՞նչ դիրքորոշում ունեն Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարի վերաբերյալ, 13 քաղաքական ուժերից 3-ի ղեկավարները պատասխանել են, որ կողմ են և պատրաստ են մտնել այդ կուսակցության մեջ: 7-ը հայտարարել են, որ կտրականապես դեմ են այդ գաղափարին, և քաղխորհրդի նիստում կողմ չեն քվեարկի դրան: Մեկն ասել է, որ գաղափարը ողջունում է, սակայն իր ղեկավարած կառույցը չի կարող մտնել այլ կուսակցության մեջ: Երկուսի հետ թղթակիցները երեկ չեն կարողացել կապվել: Սակայն նրանցից առնվազն մեկը, հաշվի առնելով, մինչ այժմ արած հայտարարությունները, ամենայն հավանականությամբ կրկին դեմ կարտահայտվի գաղափարին: «Ստացվում է, որ Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը ողջունելի է, և դրան մաս կկազմեն Կոնգրեսի ստեղծմանը մասնակցած և մինչ օրս այդ կառույցի անդամ հանդիսացող 13 քաղաքական ուժերից միայն 3- 4-ը»,- գրում է թերթը: