ԻԻՀ նախագահի՝ Եգիպտոս կատարած այցից մանրամասներ. Ահմադինեժադի վրա երեք անգամ հարձակում են գործել (լուսանկարներ)
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա Եգիպտոսում երեք անգամ հարձակում են գործել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Կահիրեում Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսայի հետ զրուցելու ընթացքում մի երիտասարդ, Ահմադինեժադից գտնվելով մեկ մետր հեռավորության վրա, փորձել է հարձակվել նրա վրա, սակայն անվտանգության աշխատակիցները ձերբակալել են երիտասարդին:
Հաջորդ դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Երեկոյան, երբ Իրանի նախագահը դուրս է եկել Կահիրեում Իրանի շահերի ներկայացուցչի գրասենյակից, մի երիտասարդ, բացականչելով՝ «Ահմադինեժադը պետք է գնա», փորձել է հարձակվել Մահմուդ Ահմադինեժադի վրա, սակայն թիկնապահները կանխել են և ձերբակալել երիտասարդին:
Իսկ առաջին հարձակումը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, երբ այցելել էր Կահիրեի Հոսեյնի մզկիթ, մուտքի մոտ հավաքված երիտասարդներից մեկը կոշիկը նետել էր Իրանի նախագահի ուղղությամբ և Սիրիայի բարբառով բղավել. «մեր եղբայրներին սպանեցիք»:
Նշենք, որ Մահմուդ Ահմադինեժադը Եգիպտոս էր այցելել Իսլամական համագործակցության անդամ երկրների ղեկավարների համաժողովին մասնակցելու նպատակով: Սա վերջին 34 տարվա ընթացքում Իրանի նախագահի առաջին այցն է Եգիպտոս: Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ., երբ Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրվեց Քեմփ-Դևիդի խաղաղության համաձայնագիրը: Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Թեհրանի և Կահիրեի միջև հարաբարերությունների նոր էջ բացվեց. Կողմերը պատրաստակամություն հայտնեցին դեսպանություններ հիմնել, տեղի ունեցան պաշտոնական փոխայցելություններ: 2012թ. օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսին Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով այցելեց Իրան:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, եգիպտական հեռուստատաընկերություններից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով իրանաեգիպտական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Իրանի և Եգիպտոսի հարաբերությունների ընդլայնման գործընթացում բազմաթիվ թշնամիներ կան, որոնք խոչընդոտում են կողմերի միջև քաղաքական հարաբերությունների հաստատմանը: Եգիպտոսի հզորությունը Իրանի և տարածաշրջանի հզորությունն է»:
Նախօրեին, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Կահիրեում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների ղեկավարների համաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և Եգիպտոսի միջև խորացող հարաբերություններին նշել է, որ Իրանը առաջիկա ամսվանից Եգիպտոսի քաղաքացի հանդիսացող զբոսաշրջիկների և առևտրականների համար միակողմանիորեն վերացնում է վիզային ռեժիմը:
Հավելենք, որ Կահիրեում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում Իրանի, Թուրքիայի և Եգիպտոսի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադը, Աբդուլլահ Գյուլն ու Մոհամմադ Մուրսին եռակողմ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամին առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում