Վարչապետը Ռուսաստանի հետ խնդիրներ չունի
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կառավարությունում ոչ պաշտոնապես հայտարարվել է անցանկալի անձ: Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, պատճառը նրա` վերջերս տված հարցազրույցն է, որտեղ դեմ էր արտահայտվել Մաքսային ընդհանուր միությանը Հայաստանի անդամակցությանը: Դրանից հետո ռուսական կողմը դիվանագիտական լեզվով հասկացրել է, որ չի ցանկանում ընդունել ՀՀ վարչապետին, արդյունքում` անընդհատ հետաձգվում է Տ. Սարգսյանի այցը Մոսկվա: Վարչապետը, սակայն, հերքել է այս լուրերը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` նա ասել է. «Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, որովհետև իմ վերջին հարցազրույցում, ի տարբերություն նախորդ հարցազրույցների, ավելի մանրամասն և ավելի համապարփակ ձևով է ներկայացվում մեր իշխանությունների վերաբերմունքը: Ձեր գնահատականները շատ հեռու են իրականությունից»: