Մշտադիտարկում. ԶԼՄ-ները միտված են այս ընտրությունների լուսաբանման ընթացքում համապատասխանել միջազգային նորմերին
Հայաստանի նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումից մինչև նախընտրական քարոզչության սկիզբն ընկած ժամանակահատվածը` հունվարի 14-ից փետրվարի 3-ը, հեռարձակվող ԶԼՄ-ները խտրականություն կամ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել թեկնածուների նկատմամբ: Նման եզրակացության եկել է Երևանի մամուլի ակումբը` 2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում իրականացնելու ընթացքում:
Մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (հունվարի 14 - փետրվարի 3) լրագրողներին ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Մենք կապվել ենք նաև թեկնածուների նախընտրական շտաբների հետ` պարզելու, թե ինչ դժգոհություններ ունեն նրանք` վերլուծելով ու հաշվի առնելով մեր զեկույցները: Դժգոհությունները շատ քիչ էին»,- ասաց նա:
Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացվող մշտադիտարկումը «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում է արվում` ԵՄ-ի ֆինանսական օժանդակությամբ: Մշտադիտարկումն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլն ընդգրկել է 2012-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահավածը, երկրորդ փուլը` պաշտոնական քարոզչության ժամանակահատվածը:
Հետազոտության օբյեկտ են 6 համազգային հեռուստաալիքներ` Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», մեկ մայրաքաղաքային հեռուստաալիք` «Արմնյուզ», նաև` Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
Նախընտրական քարոզչության առաջին երկու շաբաթներին նախագահական մրցավազքին առավել մեծ ուշադրություն են դարձրել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «Արմռադիոն», այնուհետև` քաղաքական կյանքի լուսաբանման գործում ավանդաբար առաջատար հանդիսացող «Երկիր մեդիան» և «Կենտրոնը», ինչը մասնավորապես կարող է վկայել ներկայիս ընտրությունների նկատմամբ այդ հեռարձակվող ԶԼՄ-ների սեփականատերերի հետաքրքրության նվազման մասին` ի տարբերություն, օրինակ, 2012-ի խորհրդարանական ընտրությունների:
«Վերջին հանգամանքն իր հերթին վկայում է հայաստանյան հեռարձակման ոլորտի ընդհանուր հիմնախնդի մասին` քաղաքական գործընթացները լուսաբանելիս հեռուսաընկերությունների համար առաջին հերթին կողմնորոշիչը իրենց սեփականատերերի շահագրգռվածությունն է, այլ ոչ թե լսարանի պահանջները»,- բացատրեց Բ. Նավասարդյանը:
Հետազոտության մեջ նշված է. «Ուշագրավ է նախագահի լուսաբանումը». նախընտրական քարոզչությանը նախորդած վերջին շաբաթում ԶԼՄ-ները բավականին ինտենսիվ են անդրադարձել նախագահ Ս. Սարգսյանի գործունեությանը ոչ թե որպես թեկնածուի, այլ որպես պաշտոնատար անձի:
Այսպես, ՀՀ նախագահի կարգավիճակում Սերժ Սարգսյանի լուսաբանումը կազմել է հետազոտված 9 ալիքների կողմից հատկացված միագումար ամբողջ եթերաժամանակի 65,6 տոկոսը, այսինքն` արդյունքում Ս. Սարգսյանն էական տեղեկատվական առավելություն էր ստացել մյուս բոլոր մրցակիցների նկատմամբ: Սակայն հետազոտված ԶԼՄ-ներում գործող նախագահի լուսաբանումը արմատապես փոխվել է նախընտրական քարոզարշավի սկսելուն պես: Որպես նախագահ Սերժ Սարգսյանի հայտնվելը հունվարի 21-ից մինչև փետրվարի 3-ը կազմել է նրան հատկացված միագումար եթերաժամանկի 14.8 տոկոսը:
Բ. Նավասարդյանը նշեց, որ այս փաստը վկայում է այն մասին, որ, ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, որոշակի ուշադրության է դարձվում այն չգրված կանոնին, ըստ որի առաջադրված պաշտոնատար անձը պետք է կրճատի նախընտրական քարոզչության հետ կապ չունեցող առիթներով հանրությանը ներկայանալու դեպքերը, իսկ ԶԼՄ-ները պետք է ավելի հակիրճ լուսաբանեն նման դեպքերը: Հենց հակիրճության մասին է անուղղակի կերպով վկայում այն փաստը, որ նախընտրական քարոզչության առաջին երկու շաբաթների ընթացքում հետազոտված հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից Սերժ Սարգսյանին անդրադարձների քանակով (1,088) գործող նախագահն առաջատարն է հանդիսացել բոլոր թեկնածուների մեջ, բայց ահա եթերաժամանակի ծավալով նա երրորդն էր: Ընդ որում, վերջին ցուցանիշով Պարույր Հայրիկյանը գրեթե կրկնակի առաջ է անցել նրանից:
Եթերաժամանակի ծավալով երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, չորրորդում` Հրանտ Բագրատյանը:
Ինչ վերաբերում է մյուս չորս թեկնածուներին, ապա նրանք, Բ. Նավասարդյանի ներկայացմամբ, ոչ թե զրկված են ԶԼՄ-ների ուշադրությունից, կամ իրենց գաղափարների արտահայտման համար սահմանափակ հնարավորություններ են տրվում, այլ նրանց մասնակցությամբ միջոցառումներն են սահմանափակ:
Մշտադիտարկման ընթացքում որպես արձանագրված թերություն առանձնացվում է կարծիքների բախման, բանավեճերի պակասը: «Սա ավանդական խնդիր է մեր ընտրաշավների համար»,- մտահոգված նշեց ԵՄԱ-ի նախագահը, շարունակելով, որ բանավեճերի բացակայությունը թույլ չի տալիս լսարանին ներկայացնել քննադատական հայացք թեկնածուների ծրագրերին:
Ըստ էության, քարոզչական հոլովակներում, նախընտրական հանրահավաքներում և մամուլի ասուլիսներում, նույնիսկ հեռուստառադիոհարցազրույցներում թեկնածուների արտահայտած մտքերն անընդհատ կրկնվում են:
Ամփոփելով ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման երկրորդ զեկույցը, Բ. Նավասարդյանը որպես կարևոր ու դրական հանգամանք առանձնացրեց` «և լրատվամիջոցները, և լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող ֆորմալ և ոչ ֆորմալ ամբողջ համակարգը միտված են այս ընտրությունների լուսաբանման ընթացքում համապատասխանել միջազգային նորմերին: Այսինքն, այդ նորմերը կարծես թե արդեն ընկալվել են ու տեղափոխվել են պրակտիկ իրականացման դաշտ»:
Որպես բացասական հանգամանք ԵՄԱ նախագահը առանձնացրեց. «Այս ընտրությունները բացասական առումով տարբերվում են մյուսներից, որ կարծիքների բախում, բանավեճեր տեղի չեն ունենում, կամ շատ քիչ են: Հնարավոր է հենց բանավեճերի բացակայությունն է շարունակում մնալ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից նախընտրական արշավի լուսաբանման գլխավոր խնդիր»:
Նախորդող նորություն` Մշտադիտարկում. ԶԼՄ-ը ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն և բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում