Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է նմանվել Ջորջ Վաշինգթոնին
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուների քարոզարշավին` «Голос Армении»-ն ներկայացրել է հակիրճ վերլուծությունը: Ներկայացնելով քարոզարշավի ընթացքում Ր. Հովհաննիսյանի կողմից շրջանառվող նախագահական աշխատավարձից հրաժարվելու միտքը` թերթը նկատում է, որ այն գրագողություն է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի կենսագրությունից. ժամանակին ԱՄՆ Կոնգրեսը չօժանդակեց նախագահի այդ առաջարկին, փոխարենը այն հիմա որպես PR-ի միջոց կիրառում է Րաֆֆի Հովհաննիսյանը` չնշելով մտքի ծագման սկզբնաղբյուրը:
Բացի այդ` թերթը նկատում է, որ սեփական կնոջը, մորը, զավակին և շանը քարոզարշավի մեջ ներգրավելու Օբամայի մեթոդիկան, գուցե, արդյունավետ էր ԱՄՆ-ում, սակայն Հայաստանում դա ավելի շատ ընկալվում է որպես թուլության նշան առ այն, որ թեկնածուն չի կարողանում ինքնուրույն վարել քարոզարշավը: Անդրադառնալով Հրանտ Բագրատյանին` թերթը գրում է, որ վերջինիս ռազմավարությունն անփոփոխ է, նա ինչպես և 90-ականներին, երկիրը ճգնաժամի հասցրած «տնտեսական ռեֆորմների» ողջ մեղքը բարդում է իր նախորդների` Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Գագիկ Հարությունյանի վրա: Պարույր Հայրիկյանն էլ իր հերթին չի դադարում խոսել Հայաստանի անկախացման հարցում իր մեծ ներդրման մասին: Էպոսագետ Վարդան Սեդրակյանի և հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանի մասին, ըստ «ГА»-ի, խոսելն անգամ ավելորդ է, քանի որ վերջիններս անգամ քարոզարշավի մշակված ռազմավարություն չունեն: