Ինչ կապ ունեն Հայրիկյանի գործով ձերբակալվածները Շերիֆի հետ
«Հայկական ժամանակն» անդրադարձել է Հայրիկյանի գործով որպես կասկածյալ երկու ձերբակալվածներին և գրել. «Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, թե մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի մորաքրոջ որդին է»:
Սույն տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Կարեն Բաբայանին: Նա նշել է, որ տվյալ անձն իր հորաքրոջ կողմից ինչ-որ հեռավոր ազգական է գալիս և նրան վերջին անգամ երևի մի 15-20 տարի առաջ է տեսել: «Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետև պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ` հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու»: Իսկ հարցին , թե`«տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին», նա պատասխանել է. «Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում»:
Թերթը հրապարակման մեջ նշում է, թե ըստ որոշ աղբյուրների, ձերբակալվածները Մոլդովայի քաղաքացիներ են: