Արագածոտն, Շիրակ, Գեղարքունիք, հացադուլ, ասուլիս. Քարոզարշավը շարունակվում է
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր կայցելի Արագածոտնի և Շիրակի մարզեր:
Նախընտրական շտաբից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Արագածոտնի մարզի Թաթուլ, Թալին, ինչպես նաև եզդիաբնակ մի շարք գյուղական համայանքների՝ Շամիրամի, Թլիկի, Հակկոյի, Դդմասարի, Սորիկի, Օթևանի, Արևուտի, Կանչի ընտրողների հետ: Շիրակի մարզում ՀՀ նախագահի թեկնածուն կհանդիպի Արթիկ քաղաքի, Թորոսգյուղում՝ Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջանների ներկայացուցիչների և Գյումրու թատերական հրապարակում՝ Արթիկի, Անիի, Ախուրյանի տարածաշրջանների ընտրողների հետ:
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կայցելի Աշտարակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչությունը շարունակելու է Գեղարքունիքի մարզում` ուղղությունը դեպի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան քաղաքները:
Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը: Պարույր Հայրիկյանը ապաքինմանը զուգընթաց ակտիվ է «Ֆեյսբուք»-ում:
Արման Մելիքյանն ու Վարդան Սեդրակյանը, ինչպես նախորդ օրերին, հրապարակային հանդիպումներ չունեն:
Արամ Հարությունյանն էլ, չնայած նախօրեին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, հանձնաժողովն էլ բավարարել է, շարունակում է ակտիվորեն ասուլիսներ հրավիրել, այսօր էլ, երկուշաբթի օրն էլ նա հանդիպում ունի լրագրողների հետ: