Հարցում. Ր. Հովհաննիսյանը բարելավում է դիրքերը, բայց Ս. Սարգսյանի` առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է
Եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0%, Րաֆֆի Հովհաննիսյանը` 33,0%: Դեռևս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաև աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9%: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե: Ինչպես և հունվարին, հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին, ովքեր միասին հավաքում են 1,5%-ից պակաս վավեր քվե:
Սա է վկայում «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները և մտադրությունները, ինչպես նաև թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները:
TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ միասին հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները և որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումները խրախուսելու համար:
Հիշեցնենք, որ ՀԵԲ-ի պատվերով նախորդ հարցումը արվել էր հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Այս հարցման ժամանակ Ս. Սարգսյանի օգտին քվեարկել էին հարցվածների 68,6%, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 20,8%:
Համաձայն այդ վերլուծության՝ Ր. Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26%-34% միջակայքում, իսկ Ս. Սարգսյանը՝ 58%-66%, և առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է՝ հիմնվելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակի վրա:
«Այժմ մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ, որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է նրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին: Այդուամենայնիվ, հարցվածները նշում են, որ առայժմ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում՝ կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա: Հետաքրքրական է, որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը, ինչը հստակ տարբերվում է մեր նախորդ հարցման տվյալներից»,- հարցման արդյունքները ներկայացնելիս ասաց TNS opinion բրյուսելյան գրասենյակի՝ մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:
Նա նաև նշեց ընտրությունների նկատմամբ հարցվածների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է Հայաստանի ժողովրդավարության և քաղաքական կերպարի համար: ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի խոսքով, ընտրողների ավելի քան 2/3-ը հավատում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաև կարծում են, որ ԶԼՄ-ների լուսաբանումը ավելի չեզոք և անաչառ է, քան նախկինում:
Մարդկանց թիվը, ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է, ինչ 2012-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ: