Ս.Սարգսյանը Թալինում. Պետությունը պետք է աջակցի գյուղացուն, գյուղացին էլ աշխատելու ցանկություն ունենա (լուսանկարներ)
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր ընտրողների հետ կհանդիպի Արագածոտն և Շիրակի մարզի մի շարք համայնքներում:
Առաջին հանդիպումը Թալինում էր. «Ունեմ բամաթիվ ծրագրեր, որ չեմ ավարտել ու կուզենայի, որ այդ ծրագրերը ավարտին հասցնեի: Ուզում եմ հավաստիացնեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի թալինցիներն իրենց արդար վաստակով ապահովեն իրենց ապրուստը»,- թալինցիներին ասաց Սերժ Սարգսյանը նշելով, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էր եկել Թալին, այնպես էլ հիմա է մտադիր ծանոթացնել իր ծրագրերին ու ստանալ նրանց աջակցությունը:
Թալինի ճանապարհին Սերժ Սարգսյանը այցելել էր Թաթուլ համայնք, որտեղ գյուղացիների հետ շփումներում բարձրացվել էին գյուղացուն հետաքրքրող ու մտահոգող մի շարք խնդիրներ: Այդ իսկ պատճառով թալինցիների հետ հանդիպման հիմնական շեշտադրումը գյուղի զարգացումն ու գյուղացին էր. «Այն օժանդակությունը, որ մենք այսօր ցուցաբերում ենք գյուղացուն բավարար չէ, բայց դրան ուղղված ջանքերը երկկողմ պետք է լինեն: Մեր խնդիրը պետք է լինի մի կողմից ավելացնել այդ օժանդակությունը, մյուս կողմից պետք է կարողանանք յուրաքանչյուր բնակավայրում ապահովենք որակ և ծառայությունների մատչելիություն, իսկ գյուղացին էլ պետք է ջանքեր գործադրի, քանի որ առանց չարչարանքի նա չի կարող լավ ապրել»,- նշեց Սերժ Սարգսյանը:
«Առանց աշխատելու մեծ ցանկության, միայն պետության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն: Եթե պետությունը չի կատարում իր պարտականությունները դա իհարկե վատ է, բայց երբ մարդկանց մոտ է աշխատելու ցանկությունը բացակայում` սա մեծ խնդիր է: Իհարկե, աշխատելու ցանկությունը պետք է գա ստացվող լավ արդյունքից, ամեն ինչ անելու ենք դրան ուղղված»,- հավելեց Սերժ Սարգսյանը ու հրավիրեց թալինցիներին ակտիվ երկխոսության: