Ա. Էրոյանց. Վրաստանի հասարակական-քաղաքական դաշտում ակտիվանալու հնարավորություններ կստեղծվեն
Մինչ նախորդ տարվա Վրաստանի խորհրդարանական ընտրությունը դժվար էր կանխատեսել, որ այդ երկրում երկու խոշոր քաղաքական ուժերի միջև` Միացյալ ազգային շարժման և Վրացական երազանքի, նման լարված պայքար կծավալվի: Անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական իրավիճակին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
«Ներկայումս երկու բևեռների լիդերների միջև լարված պայքար է ընթանում, երկու կողմերն էլ փոխադարձ վիրավորանքներ են ուղղում միմյանց: Մի կողմից կոչ են անում համագործակցության, մյուս կողմից որևէ գործնական քայլի ականատես չենք լինում»,- նշեց նա:
Այնուհետև բանախոսն անդրադարձավ փետրվարի 8-ին տեղի ունեցած ընդհարմանը և ասաց, որ Մ. Սահակաշվիլին նախ ցանկացել է ելույթ ունենալ խորհրդարանի դահլիճում, սակայն խորհրդարանական մեծամասնությունը նրան այդ հանրավորությունը չի ընձեռել և նախագահը ելույթ է ունեցել Ազգային գրադարանի շենքից: Այդ ընթացքում շենքի մոտ են հավաքվել ցուցարարներ և պահանջել են, որ նախագահը հրաժարական տա, որի ընթացքում էլ ընդհարում է տեղի ունեցել:
Նա ասաց, որ ներքին գործերի նախարարի մեկնաբանմամբ` այդ ընդհարման հրահրողը եղել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Պատասխանելով հարցին, թե` ինչպիսին է վիրահայության դերը Վրաստանի ներքաղաքական գործընթացներում, Ա. Էրոյանցն ասաց. «Սահակաշվիլիի կուսակցության իշխանության օրոք բավականին խիստ քաղաքականություն էր իրականացվում էթնիկ հայերով բնակեցված Ջավախքում, նրանց փորձում էին «փակի» մեջ պահել և նրանց դա հաջողվում էր: Վախի մթնոլորտ էին ստեղծվել: Ներկայումս այդ հարցը կարծես ազատականացվել է: Ակտիվանալու որոշ նշաններ կան, բայց հետագայում, եթե այսպիսի քաղաքականությունը շարունակվի այս իշխանությունների կողմից, հայության համար հասարակական-քաղաքական դաշտում հանդես գալու ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն»: