Անդրիաս Ղուկասյանը չի համագործակցի ԱՆ-ի հետ, եթե Արմեն Աշոտյանը ներողություն չխնդրի
Մինչև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներողություն չխնդրի, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի համագործակցի առողջապահության նախարարության հետ: Այս մասին ԳԱԱ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Ղուկասյանը:
«Մեր պետությունը որոշեց պատասխանատվություն վերցնել իմ առողջության համար, որը, ըստ երևույթին, կապված է իմ` նախագահի թեկնածու լինելու կարգավիճակի հետ: Մի կողմից առաղջապահության նախարարությունն ինձ վրա ճնշում է գործադրում, հորդորում է, որ առողջության վերաբերյալ որոշակի գործողություններ են անհրաժեշտ անեմ, մյուս կողմից, երբ ես այդ ուղղությամբ քայլ արեցի ու գնացի տուն (հացադուլի 15-րդ օրը) և ինչ-որ պրոցեդուրաներ արեցի, իշխող կուսակցության ներկայացուցիչերը, կոնկրետ Արմեն Աշոտյանն ասեց, որ սա ռեալիթի շոու է: Պետք է իրենք կողմնորոշվեն, եթե համարում են, որ հացադուլավորի կողմից ինչ-որ անհրաժեշտ գործողություններ իրականացնելը ռեալիթի շոու է, այդ դեպքում ամբողջությամբ կհրաժարվեմ առողջապահության նախարարության հետ աշխատելուց, եթե ընդունեն, որ դա ռելաիթի շոու չէ, ու Արմեն Աշոտյանը բացահայտ ասի, առողջապահության նախարարության հետ կհամագործակցեմ, նրանց ներկայացրած պահանջներն ավելի լուրջ կդիտարկեմ»,- մանրամասնեց նախագահի թեկնածուն:
Նա նշեց, որ առողջապահության նախարարն այն կուսակցությանն է պատկանում, որի մյուս նախարարն ասում է «ռեալիթի շոու է»: «Իրենք խնդիր ունեն իրենց դիրքերը համադրելու ու հասկանալու: Եթե, իրոք, ԱՆ-ն մտահոգված է, ապա իրենց գործընկերը պետք է ներողություն խնդրի իր ասածի համար: Մինչև չխնդրի, ես առողջապահության նախարարության հետ չեմ համագործակցի նույնիսկ անգիտակից վիճակում: Չեմ ենթարկվի որևէ հարկադրանքի»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր Ա. Ղուկասյանը անալիզներ է հանձնել, որի արդյունքները հայտնի կլինեն վաղը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն այսօր այցելել է Անդրիաս Ղուկասյանին: Երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն բացատրել, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորել է դադարեցնել հացադուլը։ Հայկ Դարբինյանը շարունակել է պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Միաժամանակ նա նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջակցել թե՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե՛ անհրաժեշտ բուժում իրականացնելով և անգամ խորհրդատվություն տրամադրելով։
Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին այցելության համար և խոստացել անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։ Նախարարի առաջին տեղակալի ներկայությամբ չափվել է Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը (այդ պահին` 90/60)։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա բժշկական հսկողությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա