Ադրբեջանում Իրանի դեսպան. Թուրքիան զբաղված է պանթյուրքիզմի տարածմամբ
Թուրքիան զբաղված է պանթյուրքիզմի տարածմամբ:
Այդ մասին Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «խաբարօնլայն.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է Բաքվում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը, անդրադառնալով Թուրքիայում և Ադրբեջանում պանթյուրքիզմի տարածման փաստին, մասնավորապես նշել է. «Թուրքիան զբաղված է պանթյուրքիզմի տարածմամբ: Թուրքիան Միջին Ասիայի երկրների նկատմամբ մեծ եղբոր զգացում ունի, սակայն Թուրքիայում և Ադրբեջանում ապրող մարդկանց հավատքում որոշակի տարբերություններ կան. Թուրքերը սուննի են, իսկ ադրբեջանցիները՝ շիա: Պանթյուրքիստները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի Ադրբեջանում ևս գործունեություն ծավալեն և նրանք երբեմն հանդես են գալիս այնպիսի քարոզչությամբ, որը կասկածի տակ է դնում այլ երկրների տարածքային ամբողջականությունը»:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնխագահ Մանսուր Հաղիղաթփուրը, անդրադառնալով իրանցի թյուրքախոս ազարիների խնդիրների շահարկման փաստին, մասնավորապես նշել էր. «Որոշ երկրներ փորձում են իրանցի երիտասարդների շրջանում պառակտություններ մտցնել, սակայն նրանք թող չկարծեն, որ դա իրենց կհաջողվի: Թուրքիայի դեսպանը կարմիր շապիկով և Թուրքիայի դրոշով ներկայանում է Թավրիզի ֆուտբոլային թիմի խաղերին և երկրպագում այդ թիմին»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Թուրքիան և Ադրբեջանը իրանցի ազարիների շրջանում անջատողականություն են հրահրում
Թուրքիան պետական մակարդակով աջակցում է Իրանի անջատողական ուժերին