ԱՕԿՍ-ի շենքին վտանգ չի սպառնում, և աղմուկը սարքովի է. Երևանի գլխավոր ճարտարապետ
ԱՕԿՍ-ի շենքի շուրջ ստեղծված աժեոտաժը, ի պաշտպանություն ԱՕԿՍ-ի շենքի բողոքի ցույցեր կազմակերպելը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը անհեթեթ է համարում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանրային կապերի գրասենյակից:
«Բազմիցս ասել ենք, որ ԱՕԿՍ-ի շենքին որևէ վտանգ չի սպառնում, բացարձակ անհիմն է այս համատեքստում բարձրացված աղմուկը: Իրականությունը հետևյալն է՝ այս հատվածում կա մի երրորդ կողմ, որն ըստ էության, շահադիտական ինչ-ինչ խնդիրներ ունի կառուցապատողի հետ, որոնց հասնելու համար աղմուկ է բարձրացնում և չի էլ թաքցնում այդ մասին: Անդրադառնալով այս հատվածում կառուցվող հյուրանոցի նախագիծին, նա շեշտեց, որ այստեղ /ինչպես նաև փոքր- ինչ վերև գտնվող «Մուլտի Գրուպ» ընկերության կողմից կառուցվող հյուրանոցի դեպքում/ քաղաքաշինական բոլոր նորմերը պահպանվում են և այս առումով Երևանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը իրենց տեսակետները՝ համապատասխան հիմնավորումներով բազմիցս արտահայտել են:
Խոսվում է, թե հյուրանոցի կառուցումը կխաթարի քաղաքի այս հատվածի երթևեկությունը, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում, քանի որ տարածքում մասամբ նաև՝ կառուցապատողի հաշվին կառուցվում է նոր փողոց՝ Հին երևանցու փողոցի շարունակությունը հանդիսացող Լալայանց փողոցը, որը լիարժեք կերպով կապահովի է նաև այդ խնդրի լուծումը:
Ինչ վերաբերում է «Նարեկ Սարգսյան» արվեստանոցի կողմից հյուրանոցի նախագծի մշակմանը, ապա շեշտենք, որ այն Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծերի շրջանակում է եղել: Վերջինս մշակվել է դեռևս 2006 թվականին, երբ Նարեկ Սարգսյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում / ի դեպ, նա ստեղծագործական աշխատանքով զբաղվելու լիարժեք ազատություն ունի/: Նկատենք որ, հյուրանոցի կառուցման հետ կապված ձգձգումները կապված են եղել իրացման խնդիրների հետ, որի ավարտից հետո է շինարարություն ծավալվել:
Իսկ այս համատեքստում կոռուպցիոն գործարք տեսնողները համանման մեղադրանքներ կարող են ներկայացնել նախորդ բոլոր գլխավոր ճարտարապետներին, մասնավորապես,. Ն. Բունիաթյանին «Երևան» հյուրանոցը նախագծելու, Մարկ Գրիգորյաին «Արմենիա» հյուրանոցը, Պատկերասրահի և Ազգային ժողովի շենքերը, ՀՀ նախագահի նստավայրը, բազմաթիվ բնակելի շենքեր նախագծելու, կամ՝ Գ. Աղաբաբյանին՝ մի շարք շուկաների շենքերի, բնակելի համալիրների, Ջիմ Թորոսյանին՝ Երևանի քաղաքապետարանի, «Կասկադ» համալիրի շենքերի նախագծման համար: Ցանկը կարելի է շարունակել…», -ասված է գրասենյակի ներկայացրած հայտարարության մեջ:
Հարակից լուր. ԱՕԿՍ-ի շենքը` կրկին «քամդման» եզրին…մինչդեռ մշակույթի նախարարությունը ապահովել է հուշարձանների անվտանգությունը