Լևոնի տեսլականն ու ապրանքանիշի կեղծումը
Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից և Լևոն Զուրաբյանի հայտարարություններից ու պարզաբանումներից հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երկրի առաջին նախագահն ու նրա թիմը փորձում են քաղաքական շուկա ներմուծել ապրանքանիշի կեղծման երևույթը: Մի բան, որ բնորոշ է տնտեսական ոլորտին: Հայաստանում դրա մասին պատկերացում կազմում ենք Լֆիկի, իսկ աշխարհում` Չինաստանի գործունեության արդյունքում:
Հասկանալի է, որ նման գործունեությունը ուրիշի հաշվին եկամուտ, շահ փնտրելու նպատակ է հետապնդում: Բնականաբար` սպառողին մոլորեցնելու գնով: Ասենք` «Արմանին» միլիոնավոր դոլարներ է ծախսում մոդելավորման, բրենդինգի, գովազդի վրա, մեկ էլ ու Չինաստանը վերցնում ու զանգվածաբար «Արմանի» է արտահանում` առանց դրա վրա լումա ծախսելու (բնականաբար` բացի հումքն ու աշխատուժը): Նույնը` ենթադրենք, «Խորտիցա» օղիների դեպքում: Սա բավականին հաճախ հանդիպող երևույթ է և թե աշխարհում ու թե Հայաստանում սրա դեմ պայքարում են (արդյունքների մասին` մեկ այլ առիթով):
Հիմա՝ ավելի կոնկրետ խոսեմ քաղաքական «ծովահենության» այս վերջին օրինակի մասին: Փորձ է արվում հիմնել «Հայ ազգային կոնգրես» անվամամբ մի կուսակցություն, որը իբր կրկնում է նույնանուն դաշինքին, սակայն ոչ մի կապ ու առնչություն չունի դրա հետ: Բնականաբար` խնդիրը սպառողին` այս դեպքում` ՀՀ քաղաքացիներին, ընտրողներին մոլորեցնելն ու քաղաքական դիվիդենտներ ստանալն է: Սակայն ամեն ինչի մասին հերթով:
Նպատակը` կուսակցական ավտոկրատիա
ՀԱԿ-ը՝ կուսակցության վերածելու դրդապատճառները հասկանալու համար շատ շատ խոր վերլուծություն էլ, պետք չէ: Ավելին` այսօրվա իրավիճակում խնդիրն օրակարգ բերելը բացարձակապես կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի` մի քանի տարվա վաղեմության տեսլականի հետ: Բացատրեմ, թե ինչու:
Տրամաբանությունը հուշում է, որ Տեր-Պետրոսյանն իր իսկ մեջբերած ելույթում մատնանշած խնդիրը պետք է լուծած լիներ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Համաձայնեք, որ դաշինքը կուսակցության վերածելու ծրագրերի իրականացման լավագույն շրջանը հենց նախընտրականն է: Բացի այն, որ դաշինքի համար խորհրդարանական ընտրություններում հավելյալ սահմանափակումներ են գործում (օրինակ` անցողիկ շեմը 7%-ն է, որ ՀԱԿ-ը հազիվ հաղթահարեց), դրա կարևորությունը հստակ է նաև կուսակցական դիսցիպլինայի առումով (ով կարո՞ղ է պնդել, որ ՀԱԿ խմբակցությունը որևէ կերպ կառավարվում է ՀԱԿ խորհրդի կողմից): Ժամանակին սրանով զբաղվե՞լ են, թե` ոչ, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ դրանով զբաղվելու ժամանակահատվածում ՀԱԿ-ը տարված էր «քաղաքագիտական վերլուծություն»-ով ու «միասնական շտաբ»-ով, որոնք որևէ առնչություն չունեին դաշինքը կուսակցության վերածելու հետ:
Ինչ վերաբերում է խնդիրը 2013-ին ակտուալիզացնելուն, ապա տրամաբանությունը հուշում է, որ գործ ունենք ընդամենը ՀԱԿ-ի կառավարելիությունը պահպանելու ձգտման հետ:
Լևոն Զուրաբյանն ինքն էլ չի հերքում այն պնդումը, որ կուսակցություն դառնալու նպատակը որոշումների կայացման ավելի դյուրին մեխանիզմներ ներդնելն է: Սա եթե թարգմանենք, կստացվի` կոնսենսուսի սկզբունքից հրաժարում: Այսինքն, Լևոն Զուրաբյանը ցանկցանում է պահպանել ՀԱԿ-ն` իր այսօրվա տեսքով, բայց որպեսզի այն կազմող կուսակցությունների ներկայացուցիչները կամ խորհրդի անդամները վետոյի իրավունք չունենան: Պրակտիկայում դա նշանակում է Սոս Գիմիշյանի, Պետրոս Մակեյանի ու մյուսների (մարդիկ, ովքեր ՀԱԿ-ից դուրս չեն եկել, բայց դեմ են Զուրաբյանի կուրսին) չեզոքացում:
Մեկ բառով` ապահովել մեկ անձի (լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Լևոն Զուրաբյանը) լիակատար իշխանություն առաջին նախագահի անվան հետևում հավաքված զանգվածի վրա:
Այս խնդիրը լուծելու այլ տարբերակ, քան ՀԱԿ անունով կուսակցություն հիմնելն է, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում չեն գտել: Բայց դա, ինչպես նկատեցինք, մի շարք հարցեր է առաջ բերում:
Կուսակցություն` զրոյից
Այն, որ նոր ստեղծվելիք կուսակցությունը, թեկուզ` ՀԱԿ անունով, որևէ կապ չունի Հայ ազգային կոնգրես դաշինքի հետ, պարզից էլ պարզ է:
Տեսեք, ՀԱԿ-ը կուսակցությունների դաշինք է, որը համապատասխան փաստաթղթերով մասնակցել է 2007թ. խորհրդարանական ընտրություններին: Ավելին` այն դե ֆակտո էլ գործել է որպես կուսակցությունների դաշինք: Այստեղ երկու կարծիք լինել չի կրաող:
Հիմա` որպեսզի կուսակցությունների դաշինքը վերածվի կուսակցության, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, անհրաժեշտ պայման է, որ այդ դաշինքի մաս կազմող կուսակցությունները առանձին-առանձին, ըստ իրենց կանոնադրության, համագումարներ հրավիրեն, կուսակցության վերակազմավորման մասին որոշումներ ընդունեն` սահմանելով կուսակցության ունեցած պարտավորությունների և գույքի հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ օրենսդրությամբ կուսակցության անդամ կարող են լինել ֆիզիկական անձինք, և չեն կարող լինել իրավաբանական անձինք: Օրինակ, ՀՀՇ-ն ինքը չի կարող լինել ՀԱԿ կուսակցության անդամ, այն միայն կարող է վերակազմավորվել և միաձուլվել ՀԱԿ-ին: Իսկ թե դրա արդյունքում նրա բոլոր անդամները «կմիաձուլվեն» ՀԱԿ-ին, թե ոչ, դա էլ մեկ այլ խնդիր է: Կրկնենք` ՀՀՇ-ն չի կարող միանալ ՀԱԿ կուսակցությանն ու միաժամանակ մնալ ՀՀՇ:
Ասել կուզենք, որ այն կուսակցությունները, որոնք արդեն իսկ հայտարարել են իրենց գոյությունը շարունակելու պատրաստակամության մասին, պարզապես հայտարարել են գաղափարին իրենց դեմ լինելը:
Սկզբունքորեն` ՀԱԿ անդամ կուսակցություններից որևէ մեկի վերակազմավորման որոշման մասին չգիտենք: Փոխարենը տեղեկացվել է, որ նորաստեղծ կուսակցության գրանցման փաստաթղթերը ներկայացվել է համապատասխան մարմնին պետական գրանցում ստանալու համար: Այսինքն` ՀԱԿ կուսակցությունը, եթե ստեղծվի էլ, այն ընդամենը զրոյից հիմնադրվող քաղաքական նոր կառույց է` միանգամայն նոր: Եվ Հայ ազգային կոնգրեսից, բացի անունից, այն ոչինչ չի վերցնում: Այդ քայլը կատարելու համար ընդամենը բավական է, որ կուսակցության նախաձեռնող խումբը գրանցող մարմնին ներկայացնի կանոնադրություն, 200 անդամների ցանկ և տեղեկություններ հանրապետության մարզերի 1/3-ում գրասենյակներ ունենալու մասին:
Այդ ՀԱԿ-ը ես եմ
Ինչպես ֆիքսեցինք, ՀԱԿ կուսակցությունը ՀԱԿ դաշինքի հետ որևէ կապ չունի: Մեկը զրոյից ստեղծվող կուսակցություն է (թեպետ ներկայացվում է Տեր-Պետրոսյանի վաղեմի ծրագրային դրույթ), մյուսը` կուսակցությունների դաշինք, միաժամանակ նաև` խորհրդարանական խմբակցություն:
Ստացվում է, որ իսկապես կուսակցության նախաձեռնող խումբը զբաղված է ապրանքանիշի կեղծմամբ: Այսինքն` ՀԱԿ դաշինքի լուծարման մասին որևէ կերպ չի հայտարարվել, խորհրդարանական խմբակցության անվանափոխության մասին չի հայտարարվել, բայց նույն անվամբ մեկ այլ քաղաքական ուժ է հիմնադրվում:
Արդեն նշեցինք, որ սա ուրիշի քրտինքը, պատմությունը, գործն ու ձեռքբերումները յուրացնելու փորձ է: Որպես երևույթ, դա նման է կեղծ «Արմանի» ու «Խորտիցա» արտադրելուն: Բայց սա շատ ավելի վտանգավոր է: Որովհետև սպառողական ապրանք կեղծելիս դու սպառողին ընդամենը նյութական, որոշ դեպքերում իմիջային, երբեմն նաև առողջական վնաս ես հասցնում: Իսկ այս դեպքում մանիպուլյացիայի է ենթարկվում սպառողների` ընտրողների գաղափարական, հոգևոր ազատությունը: Թե ինչ կոնկրետ արդյունքներ կունենա դա, առաջիկայում կտեսնենք, երբ «Լևոն Զուրաբյանն ու կոմպանին» կսկսեն շահագործել «մարտի 1»-ն ու 2008-ից գործածվող բառապաշարը:
Մնում է միայն կանխատեսել՝ ինչպես կվարվի ՀԱԿ դաշինքը: Կլուծարվի` անունը թողնելով նորահայտ կուսակցությանը, թե ապրանքանիշի կռիվ կտա:
Ճանաչելի ձեռագրով
Քաղաքական դաշտում ապրանքանիշ կեղծելու վարքագիծը Հայաստանում ամենևին էլ նոր երևույթ չէ: Դեռևս 1994 թվականին, մինչ ՀՅԴ-ի ղեկավար կազմի բանտարկումը, քաղաքական դաշտը պղտորելու նպատակով ստեղծվեց շփոթություն առաջացնող անվամբ «Հայաստանի հեղափոխական դաշնակցություն կուսակցություն»: Թե ովքեր էին նախաձեռնողները, մատնանշելու կարիք չկա:
2003 թվականի խորհրդարանական ընտրություններին էլ, «Արդարություն» դաշինքից բացի, հավակնորդների շարքում էր նաև «Արդարություն» կուսակցությունը (թե ինչ են անում հիմա կուսակցության նախընտրական 10 հոգանոց ցուցակում ընդգրկվածները, կարող եք ճշտել):
Ասել կուզենք, որ ձեռագիրը նոր չէ: Նոր է սուբյեկտը: Եթե նախկինում կլոնավորման հեղինակները (կամ` դրանում կասկածվողները) իշխանություններն էին, ապա այսօր` այդ դերում ընդդիմությունն է:
Ավելին` ընդդիմությունը միայն այսկերպ չէ, որ կրկնում է նախկին իշխանությունների սխալները: Օրինակ` ներկուսակցական հետապնդումները (տես` ՀՀՇ-ական Հենրիկ Ավագյանի դեպքը):
Մի խոսքով` ժողովրդավարացում խոստացող անձինք ոչ միայն իրենք չեն ժողովրդավարանում, այլև ոչ ժողովրդավարական մեթոդները վերաթարմացնում են, առայժմ և հուսանք` միայն իրենց միջավայրում:
Հետգրություն
Երկու շատ կոնկրետ հարց բոլոր դեպքերում կա: Առաջին` ՀՀՇ կուսակցության վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը հրաժարական տվե՞լ է պաշտոնից, թե նա շարունակում է մնալ ՀՀՇԿ փոխնախագահ, համատեղության կարգով` ՀԱԿԿ հիմնադիր:
Երկրորդ` Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ՀՀՇ 17-րդ համագումարում հայտարարել էր, որ եղել ու կլինի միայն ՀՀՇ անդամ, պատրասվո՞ւմ է անդամագրվել ՀԱԿԿ-ին, թե շարունակելու է ՀՀՇ անդամ մնալ:
Հեղինակ` Արմեն Մինասյան
Panorama.am-ը տեղեկացնում է,
որ խմբագրության կարծիքը կարող է
չհամընկնել հեղինակի կարծիքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում