Հայրիկյանը Գորբաչովի, Ռեյգանի հետ էլ է հանդիպել, հետո ի՞նչ. Կարո Եղնուկյան
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, որը ընտրությունները հետաձգելու մասին դիմումը երեկ տվեց ու այսօր վերցրեց ՍԴ-ից, չի պատրաստվում հրաժարվել ընտրապայքարից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պարույր Հայրիկյանի շտաբի արտաքին կապերի համակարգող Կարո Եղնուկյանը: «Ինքը իր սահմանափակ ուժերով շարունակելու է ընտրապայքարը», -ասաց Հայրիկյանի ներկայացուցիչը:
Ինչո՞ւ Հայրիկյանը դիմումը հետ վերցրեց հարցին, Եղնուկյանը պատասխանեց, որ Հայրիկյանն ի սկզբանե տրամադրված չի եղել հետաձգել ընտրությունները: «Նա տվեց շանս, որ ընդդիմադիր ուժերը համախմբվեն, բայց դրան «ոչ» ասացին, և նա հետ վերցրեց իր դիմումը»,- փոխանցեց նա:
Եվ բացի այդ, Եղնուկյանի խոսքով, բոլոր «ինչուների» պատասխանը տվել է Հայրիկյանը. «Նա ասաց, որ ոչ մի զինվոր պատերազմ գնալուց չի բացահայտել, թե ինչու այս քայլը կատարեց, կամ այն քայլը չկատարեց: Երբ պատերազմը վերջանում է, նոր ասում են` մեկնաբանեք: Ընթացքում չես կարող հարցնել զինվորականին, թե ինքն ինչո՞ւ է այդպիսի քայլեր կատարում»:
Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի հետ երեկ հիվանդանոցում հանդիպումից հետո է Հայրիկյանը մտքափոխվել, Եղնուկյանն ասաց, որ երեկվա հանդիպումը Հայրիկյանի այսօրվա որոշման հետ կապ չունի:
«Նախագահը զուտ առողջականի վերաբերյալ է խոսել, շատ կարճատև հանդիպում է եղել, որին ներկա են եղել ուրիշները և այդ կարճատև տեսակցության ընթացքում խոսք չի գնացել որևիցե նման խոսակցության մասին: Պետք է նայեք մի մարդու անցյալը և նոր միայն կողմնորոշվեք, թե այդ մարդը ազդեցության տակ կարո՞ղ է ընկնել, թե՞ ոչ: Հայրիկյանը Գորբաչովի, Ռեյգանի հետ էլ է հանդիպել, հետո ի՞նչ: Եթե ամեն մի նման հանդիպումից հետո պետք է ասել, գնաց աջ կամ ձախ, չարաչար սխալվում են: Նրանք եթե նայեն Հայրիկյանի կենսագրականը, կհասկանան, որ նա ոչ մի ձև ոչ մի կերպ ու ոչ մի ճնշման չի ենթարկվում: Չեն կարողացել Հայրիկյանին ենթարկեցնել 17 տարի, հիմա եթե դուք կարծում եք, որ 5 րոպե նախագահի հետ հանդիպելուց կարծիքը փոխեց, չարաչար սխալվում եք», -շարունակեց Եղնուկյանը:
Մեր դիտարկմանը թե շատերի շրջանում, մասնավորապես սոցիալական ցանցերում Հայրիկյանն անլուրջ մարդու տպավորություն է թողել` սկզբում հայտարարեց, թե կդիմի ՍԴ, այնուհետև պնդեց հակառակը, հետո դիմեց ՍԴ և վերջապես ՍԴ-ից դիմումը հետ վերցրեց, Կարո Եղնուկյանը պատասխանեց վրդոված.
«Հրազենային արկածից հետո եթե Հայրիկյանն իր խելքը գցել է, թող էդպես կարծեն: Բայց այդ ասելուց առաջ իրենք պետք է նայեն, թե ինչ է նա արել այս տարիներին: Եթե այդ ամենին նայելով իրենք նման եզրակացության են գալիս, ուրեմն Աստված իրենց հետ: Բայց բժիշկները չեն կարող այս հրազենային արկածից հետո ասել, որ Հայրիկյանը խելագարվել է: Այս դիմել-չդիմելը իր նշանակությունն ու պատճառներն ունեն: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կպարզվի»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր կեսօրին իր փաստաբան Լևոն Բաղդասարյանի միջոցով Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունները հետաձգելու մասին դիմումը հետ է վերցրել Սահմանադրական դատարանից: