Հայրիկյանի դեմ մահափորձի գործ. Հայտնի են փորձաքննության արդյունքները
Ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է հրապարակել Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործի վերաբերյալ: Հայտնի են փորձաքննություն արդյունքները:
Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր «Նագան» տեսակի ատրճանակ: Ատրճանակը հայտաբերվել է կասկածյալ Խաչատուր Պողոսյանի կնոջ հայտնած տեղեկությունների հիման վրա: Առգրավված զենքն ուղարկվել էր դատաձգաբանական փորձաքննության:
ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ, քրեական վարույթն իրականացնող մարմինն արդեն ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով պարզ է դարձել, որ դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ 7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության ուղարկված «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից:
Նախաքննությունը շարունակվում է, դրա ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտրամադրվի հանրությանը:
«Ինչ վերաբերում է իրականացվող նախաքննության ոչ լիարժեքության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա հայտնում ենք, որ քննության առաջին իսկ օրից կիրառվել և կիրառվում են օրենքով նախատեսված մատչելի և անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի յուրաքանչյուր հանգամանք անվերապահ հաստատելու համար: Հավաստիացնում ենք, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կստուգվի ցանկացած ողջամիտ կասկած կամ կքննարկվի ամեն մի պահանջ, որը կբխի գործի համակողմանի և օբյեկտիվ քննության շահերից»,-նշում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: