«Hurriyet Daily News». ԴՆԹ թեստ պետք է անցկացվի` պարզելու, թե արդյո՞ք ադրբեջանցի գրող Այլիսլին հայ է
Ադրբեջանցի գրողն իր վեպի պատճառով հարձակումների թիրախ է դարձել: Գրում է «Hurriyet Daily News» պարբերականը:
«Հայտնի ադրբեջանցի վիպասան Աքրամ Այլիսլին իր վերջին «Քարե երազանքներ» գրքի հրապարակումից հետո և՛ պետության, և՛ հասարակության կողմից հարձակումների թիրախ է դարձել: ԴՆԹ թեստ պետք է անցկացվի` պարզելու գրողի էթնիկ պատկանելիությունը: Աքրամ Այլիսլին 1987թ հռչակվել է «Ադրբեջանի ազգային գրող», նա բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է, սակայն Ադրբեջանի նախագահը զրկել է վերջինիս բոլոր մրցանակներից: Հիմա գրողը կարող է նաև զրկվել քաղաքացիական իրավունքներից»,- նշում է պարբերականը:
«Hurriyet Daily News»-ը Այլիսլիի հետ էլեկտրոնային փոստով հարցազրույց է վարել:
«Ես երբեք նման բանի ականատես չեմ եղել: Այս ամենը Սովետական միության գաղափարախոսության վատթարագույն ձևերից է: Իշխանությունները հոգևոր ահաբեկչության արշավ են իրականացնում իմ դեմ: Նրանք անգամ հարձակում են գործել իմ ընտանիքի վրա: Նրանք ովքեր քննարկում են իմ ազգության հարցը, պետք է իմանան, որ ես հայկական ծագում չունեմ»,- նշել է ադրբեջանցի գրողը:
Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ հարցի հետ կապված վերջինս նշել է. «Մի երկրում որտեղ արվեստագետները նման խնդիրների առջև են կանգնում, անիմաստ է խոսել մարդու իրավունքների մասին: Նրանք փորձում են լռեցնել ընդդիմադիր տեսակետներ ունեցող մարդկանց և դրանից բավականություն են ստանում: Իմ վեպի հիմնական նպատակն է` կոչ անել հայերին և թուքերին միասին ապրել: Իմ վեպը քաղաքականության հետ կապ չունի»,- նշել է նա:
« Այլիսլիի որդուն, ով մաքսայինում պաշտոն էր զբաղեցնում, հրամայել են ազատման դիմում գրել, իսկ նրա կնոջը` Գալինա Ալեքսանդրովային ազատել են գրադարանի տնօրենի պաշտոնից: Ամառանոցը, որը պետության կողմից նվիրել էին մեծանուն գրողին, նույնպես հետ են վերցրել»,- գրում է «Hurriyet Daily News»-ը: