Զինդատախազությունն անդրդվելի է. «Մատաղիսի գործը» Վերաքննիչում կքննվի Եվա Դարբինյանի հսկողությամբ
Վերաքննիչ դատարանում «Մատաղիսի գործ»-ով երկու բողոք է ներկայացվել. մեկը տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի, իսկ մյուսն էլ Զինվորական դատախազության դատախազ Ա. Հարությունյնաի կողմից: Գործը Վերաքննիչ դատարանում քննվելու է դատավոր Եվա Դարբինյանի հսկողությամբ:
Այսպես. տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը վերաքննիչ բողոքում Վերաքննիչ դատարանից պահանջում է վերանայել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Ռազմիկ Թորգոմի Սարգսյանին , Մուսա Արտաշի Սերոբյանին , Արայիկ Միքայելի Զալյանին ՀՀ քր.օր. 112 հոդ. 2-րդ մասի 1-ին , 6-րդ և 14-րդ կետերով արդարացնելու վերաբերյալ դեկտեմբերի 18-ի դատավճիռը և կայացնել «ճիշտ վճիռ»:
Իսկ մեղադրող կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալներ Ռազմիկ Թորգոմի Սարգսյանին, Մուսա Արտաշի Սերոբյանին, Արայիկ Միքայելի Զալյանին ՀՀ քր.օր. 112 հոդ. 2-րդ մասի 1-ին , 6-րդ և 14-րդ կետերով արդարացնելու վերաբերյալ դեկտեմբերի 18-ին կայացրած դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ, նրանց մեղավոր ճանաչել ՀՀ քր.օր. 112 հոդ. 2-րդ մասի 1-ին , 6-րդ և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության մեջ և դատապարտել` Ռազմիկ Սարգսյանին ազատազրկման 7 տարի ժամկետով, Արայիկ Զալյանին և Մուսա Սերոբյանին` ազատազրկման 8-ական տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը ներկայիս ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սպանված զինծառայողներից մեկի` Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որտեղ նշել է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, որի արդյունքում զինծառայողների սպանության իրական կատարողները երկու դատավարությունների ընթացքում չեն մեղադրվել, գտնվել են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։
2006 թ. դեկտեմբերի 22-ին, սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հոր ներկայացուցչի բողոքը, բեկանել է Ռ. Սարգսյանի, Մ. Սերոբյանի և Ա. Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկել նոր նախաքննության։ Այժմ երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ դատավարությունը շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
2012-ի դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարադցման դատավճիռ, որը սակայն դժգոհություններ առաջացրեց մյուս տուժող Ռոման Եղիազարյանի հարազատների մոտ և նրանք բողոքարկեցին վճիռը: Բողոքարկման մտադրության մասին ավելի ուշ հայտնեց նաև Զինդատախազությունը:
Նախորդող հրապարակումներ. Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ կայացվեց (Տեսանյութ)
Ինչո՞ւ է զինդատախազությունը բողոքարկել «Մատաղիսի գործ»-ով վճիռը
Պարոն Ջհանգիրյան, իմ բալային սպանողը Իվանն է. Ինչո՞ւ է որդեկորույս մայրը փոխել կարծիքը. «Մատաղիսի գործ»
«Մատաղիսի գործ». Փաստերը վկայում են, որ Արթուր Եղիազարյանը ճիշտ չի ասում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան