ԱՕԿՍ-ի շենքը` կրկին «քամդման» եզրին…մինչդեռ մշակույթի նախարարությունը ապահովել է հուշարձանների անվտանգությունը
«Երևանի քաղաքապետարանի կողմից տրված տեղեկույթի համաձայն Պուշկինի 14 հասցեում հյուրանոցային համալիրի շինության կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին քաղաքաշինական փաստաթղթերը տրվել են օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ, համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից տրվել է փորձագիտական եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և դրանց փոփոխման կարգ»-ի համաձայն»: Այս մասին նշված է մշակույթի նախարարության պարզաբանման մեջ:
Նշենք, որ հյուրանոցը կառուցվում է Աբովյան 3 հասցեում գտնվող հայտնի ԱՕԿՍ-ի շենքի անմիջապես հետնամասում: «Իմ քաղաքը» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել շենքի դիմաց. նրանք մտահոգված էին, որ կառուցվող հյունրանոցի պատճառով կարող է քանդվել ԱՕԿՍ-ի շենքը:
Նախարարության պարզաբանման մեջ նաև նշված է. «Աբովյան 3 հասցեում գտնվող հուշարձան-շենքերին հարող տարածքում` Պուշկինի 14 հասցեում, իրականացվող շինարարության վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձան-շենքերի անվտանգությունը ապահովելու նպատակով մինչ շինարարական աշխատանքների իրականացումը պահանջել է հուշարձան-շենքերում կատարել համապատասխան ուժեղացման աշխատանքներ և, հաշվի առնելով տարածքում հուշարձան-շենքերի առկայությունը, կառուցվելիք հյուրանոցային համալիրի նախագծում մշակել համապատասխան ճարտարապետաշինարարական լուծումներ:
ՀՀ մշակույթի նախարարությունն իր իրավասության սահմանում ապահովել է հուշարձանների անվտանգությունը և շինարարության ընթացքում սահմանել հսկողություն:
Ուսումնասիրելով ՀՀ քաղաքաշինության քաղաքաշինական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված փաստաթղթերն ու մասնագիտական պարզաբանումները, նշենք, որ բարձրացված հարցը քաղաքաշինական նորմերի տիրույթում է և դուրս է մշակույթի նախարարության լիազորությունների շրջանակից»:
Նշենք նաև, որ նախարարությունը հերքել է այն փաստաթղթերի առկայությունը, ըստ որոնց պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող երկու կառույցները պետք է քանդվեն: «Ավելին, Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկին հարող տարածքում գտնվող հուշարձան-շենքերը պահպանելու են իրենց ներկայիս տեսքը և, որպես պահպանության լավագույն տարբերակ, օգտագործվել և օգտագործվելու են օրենքով սահմանված կարգով»,- հայտնում է մշակույթի նախարարությունը:
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ փաստաթղթերն իրենց է տրամադրել փաստաբան Սամվել Դավթյանը, որ այդ «տարածքին հարող օբյեկտի» հարցով դիմել է դատարան: «Դրանք ուսումնասիրելով եկանք հետևության, որ այդ երկու շենքերը ենթակա են քանդման, քանի որ դրանք համատեղ գոյությունը հյուրանոցային համալիրի հետ անհնար է: Հյուրանոցը հսկայական շենք է լինելու, Աբովյան փողոցից 21 մետր հեռավորության վրա, այդ տարածքում լինելու է «կանաչ հեռանկար»: Իսկ որտե՞ղ պետք է դա լինի, եթե ոչ հենց այդ շենքերի տարածքում»,- հարցադրում արեց մտահոգ բնապահպան ակտիվիստը: Նրա խոսքով, փաստաբանը մի քանի հարցեր է ուղղել նաև քաղաքաշինության ու արտակարգ իրավիճակների նախարարություններին, ճարտարապետների միությանը: Պատասխանները գրեթե նույնն է եղել, որ հյուրանոցային շենքը մոտ է կառուցված ժ հուշարձան-շենքերին, չի պահպանվել սեյամիկ, վթարային անվտանգության կանոնները:
Նախորդող նորություններ`Ա. Էգիբյան. ԱՕԿՍ-ի շենքը չի կարող քանդվել
ԱՕԿՍ-ի շենքի ճակատագրով մտահոգված քաղաքացիները այս պահին մշակույթի նախարարի մոտ են (Տեսանյութ)
Մշակույթի նախարարություն. Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որևէ վտանգ չի սպառնում