Հայաստանում բռնաբարության դեպքերը աճել են (լուսանկարներ)
2012-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում 796 ով կամ 4 տոկոսով` կազմելով 15.776. նկատվել է որոշ հանցատեսակների աճ: Այդ մասին այսօր Գլխավոր դատախազությունում ընթացող կոլեգիայի նիստում հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, 1037 դեպքով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները` կազմելով 4536, ինչը 2011-ին կազմել է 3499: Ըստ պաշտոնյայի, վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը աճել է 7,7 տոկոսով:
Դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս պատճառելու դեպքերը 2012-ին աճել են 281-ով` կազմելով 1640, 3 դեպքով աճել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը` 19 դեպք, 34-ով սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները` 105 դեպք: Աճել են նաև բռնաբարության կամ դրանց փորձերի դեպքերը. Մասնավորապես 2012-ին արձանագրվել է 19 դեպք, ի տարբերություն 2011-ին գրանցված 15 դեպքի:
Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստն ընթանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ, ներկա են դատախազի տեղակալները, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ոստիկանության, ՊՆ քննչական ծառայության ներկայացուցիչներ: Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հրավիրված է նաև Արցախի գլխավոր դատախազը: