Որոշ շրջանակների համար խորթ է ընտրություններում անհանդուրժողականության բացակայությունը
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը գովեստի խոսքեր է ասել իր մրցակիցների հասցեին: Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, որ ներկայիս նախագահական ընտրությունները Հայաստանում հիրավի աննախադեպ են` անհանդուրժողականության մթնոլորտի բացակայությամբ: Նրանց համար, ովքեր սովոր են իրենց մրցակիցներին «տականք» անվանելու Լևոն Տեր-Պետրոսյանի մեթոդներին, գործող նախագհի դիրքորոշումը խորթ է, և, բնական է, որ այդ մոտեցումն ունեցող լրատվամիջոցները պետք է զբաղվեին մյուս թեկնածուներին «ծախվածի» պիտակ փակցնելով: Լևոնական մամուլը չի դադարում թեկնածուներին պիտակավորել` անվանելով ընտրությունները լեգիտիմացնող «ծախվածներ» և «մարիոնետներ»:
Ըստ թերթի` «թուքումուրի» ամենամեծ չափաբաժնին է արժանացել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, որը համարձակվել է դեմ գնալ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին և հայտարարել. «Պատասխանում եմ նրանց, ովքեր կարծում են, թե ընտրությունները մրցակցային չեն, ես մրցակցային թեկնածու եմ»: Ամփոփելով Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների ընդհանուր պատկերը` «ГА»-ն նշում է, որ թեկնածուներին կարելի է բաժանել 3 խմբի. 1-ին խմբում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, որն այս ընտրությունների անվիճելի ֆավորիտն է, 2-րդ խմբում Րաֆֆի Հովհաննիսյանն է, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը, իսկ 3-րդ խմբում այն թեկնածուներն են, որոնց մասին, ըստ թերթի, կարելի է ասել` «մնացածը»: