Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 78 տարեկան
Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 78 տարեկան: Ժամը 13:00-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում կնշվի Վարպետի ծննդյան 78-րդ տարեդարձը՝ խնկարկմամբ։
Նրա պատմվածքները և վիպակները հենց սկզբից գրավեցին ընթերցողների ուշադրությունը: Նա գրեթե միանգամից դարձավ Հայաստանի նշանավոր գրողներից մեկը: Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:
«…Նա հաղթեց,- ինչպես մի անգամ գրեց Սարոյանի մասին,- հաղթեց ու կանգնեց նույնպես հաղթած իր եղբայրների կողքին՝ Սարոյանի, Չարենցի, Խաչատրյանի, Թամանյանի...»: Որովհետև որտեղ Ինքն էր բնակվում, և բնակվում է՛, մահը չունի տարածք և իշխանություն. իր նոր՝ դեռևս հնարավոր տիրույթում, դեռևս հնարավոր հայրենիքում, օրհասական արթնացումով մկրտվելու է Հրանտ Մաթեւոսյանի քաջ ժողովուրդը. իր որդիների ժողովուրդը՝ անխառն ու բացառիկ»,- գրել է գրող Սամվել Մկրտչյանը:
«Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է «Մենք ենք - մեր սարերը», «Բեռնաձիեր», «Խումհար», «Տաշքենդ», «Աշնան արև» վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ Աշնան արև:
Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»:
Ըստ hrantmatevossian.org կայքի, մի առիթով Հրանտ Մաթևոսյանը այսպես` երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը: Վերոշարադրյալը գրեթե լիովին ընդգրկում է Հրանտ Մաթևոսյանի կենսագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները