«Իրատես de facto». ՀԱԿ-ը մաղվում է
«Իրատես de facto»-ի` ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ չի բացառվում, որ կոնգրեսում սկսված գործընթացները դուրս գան Տեր-Պետրոսյանի և իր ֆավորիտների վերահսկողությունից, որովհետև կրքերն առավել քան շիկացած են այստեղ` բոլոր ուղղություններով: «Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը փորձում է գտնել ոսկե միջինը` «համ կույս մնալու, համ հաճույք ստանալու» բանաձևումով` ստեղծել և ՀԱԿ կուսակցություն, և չքայքայել ՀԱԿ-ը, որպես կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների միություն, այնուհանդերձ, թե ՀՀՇ-ում, թե «Արմատում», թե ՀԱԿ մնացյալ կառույցներում սցենարներ են մշակվում բուն համագումարի օրը վերմակն իրենց վրա քաշելու ուղղությամբ: Իսկ եթե այնպես ստացվի, որ կուսակցությունը ձևվի Զուրաբյանի «հագով», ապա ՀՀՇ-ի մի մասը կգնա Արարատ Զուրաբյանի հետևից, մյուս մասը «Ազատ դեմոկրատներ» կմտնի, երրորդ մասն էլ կգնա դեպ «Այլընտրանք», այսինքն` Նիկոլ, իսկ «Արմատից» շատերը` դեպ Բագրատյան: Էլ չենք ասում, որ զուգահեռաբար մշակվում է «թեզ», որով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին և Աշոտ Սարգսյանին խաղից վերջնականապես հանելու սցենարը կգործի` ազատելով իրենց պայքարը նման մարդկանցից»,- պնդում են ՀԱԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները: