Թուրքագետ. Ադրբեջանի իսլամական խայտաբղետությունը կարող է ավելի վտանգավոր դառնալ այդ երկրի վարչակարգի համար
Օրեր առաջ Կազանում Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր կլոր սեղան Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում նուրջիզմի կամ գյուլենական շարժման տարածման վերաբերյալ: Panorama.am-ի թղթակիցը Ադրբեջանում գյուլենական շարժման գործունեության ու ազդեցության վերաբերյալ զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
-Ինչպիսին է ներկայումս գյուլենական շարժման ներգրավվածությունն Ադրբեջանում:
-Ադրբեջանի անկախացումից հետո գյուլենական շարժումը կամ ինչպես ընդունված է նուրջու ուսմունքն սկսեց ակտիվորեն ներթափանցել այդ երկիր և բավական արագ կարողացավ այնտեղ հիմնել իր բջիջները՝ տարբեր հաստատությունների անվան ներքո: Դա պայմանավորված էր նախ և առաջ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի բարյացակամ վերաբերմունքով, քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար եղած ժամանակ գյուլենական շարժումը նրան բավական լուրջ օգնություն էր ցուցաբերում: Ներկայում էլ այդ շարժումն ամենաակտիվն է Ադրբեջանում և շարունակական ազդեցության մեծացման միտումներ ունի: Գյուլենական շարժման գործունեությունը Ադրբեջանում, կարելի է ասել, քողարկված է և այն ուղղակի հակամարտության չի գնում շիական կրոնական համակարգին ու աշխարհիկ վարչակարգին: Շարժման գործունեության հիմքում դրված է դանդաղ ու փափուկ գործունեության սկզբունքը, ինչն ավելի արդյունավետ է: Գյուլենական շարժման մեծ օրակարգը Ադրբեջանում պետական ու կրթական համակարգում տարածվելն է, ազդեցության ձեռքբերումը: Ներկայում Ադրբեջանում գործում եմ գյուլենական աղանդին պատկանող Կովկաս համալսարանը, ինչպես նաև Բաքվում, Սումգայիթում, Մինգեչաուրում, Ղուբայում, Նախիջևանում և այլ քաղաքներում միջնակարգ դպրոցներ ու վարժարաններ: Գործում են Խազար ռադիո-հեռուստատեսությունը, Բուրչ ռադիոն, մի շարք թերթեր ու պարբերականներ: Ակտիվ են նաև հասարակական ոլորտի ու գործարար ընկերություններն ու կազմակերպությունները:
-Այն զուտ կրոնական է, թե ունի նաև քաղաքական ենթատեքստ:
-Գյուլենական շարժումը Ադրբեջանում բավական ակտիվ է և լուծում է մի քանի խնդիր: Նախ, առաջին հերթին այդ շարժումն առավելապես աչքի է ընկնում իր այսպես ասած իսլամական ու թուրքական օրակարգով, այսինքն՝ իր գործունեության մեջ շաղկապված են իսլամական ու թուրքական ազգայնականությունը, կամ այլ կերպ ասած, թուրք-իսլամական համադրությունը: Մյուս կողմից Թուրքիան նաև խրախուսում է այդ շարժման ծավալումն Ադրբեջանում՝ որպես հակադրություն իսլամական մյուս ուղղություններին՝ վահաբիզմ, սալաֆիզմ և ամենակարևորը՝ այդ երկրի համար ավանդական համարվող շիիզմին, որը դիտարկվում է որպես իրանական ազդեցության լուրջ գործոն: Տվյալ պարագայում գյուլենական շարժումը ունի նաև հստակ քաղաքական շարժառիթներ:
-Ինչպիսին է գյուլենական շարժման գործելաոճն ու ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքը:
-Գյուլենականությունն Ադրբեջանում ունի մի կարևոր առանձնահատկություն: Այն բավական զգուշավոր և հարաբերական պասիվ է գործում՝ խուսափելով բացահայտ առճակատման մտնել աշխարհիկ կարգերի ու շրջանակների հետ, քանի որ իշխանական վերնախավն իրեն նույնպես համարում է աշխարհիկ: Չնայած, հենց ադրբեջանական մի շարք հրապարակումներ են եղել, որոնք փաստում են, որ դա միայն արտաքուստ է և օրակարգն այդ շարժման ավելի կրոնական է, քան առաջին հայացքից: Նույնիսկ որոշ ադրբեջանցի փորձագետներ նշում են, որ այդ շարժումն Ադրբեջանում ցանկանում է շիիզմը փոխարինել սունիական ուղղությամբ, այն էլ՝ թուրքական: Չնայած ադրբեջանական իշխանությունների կողմից գյուլենականների դեմ գործադրվող ճնշումներին՝ Ադրբեջանում այն գնալով ավելի է ընդլայնում իր գործունեությունը կարևորագույն ոլորտներում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ շարժման հետ ուղղակի կամ անուղղակի կապի մեջ են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, հայտնի լրագրողներ ու կրթության ոլորտի ներկայացուցիրներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեհթիևի որդիները սովորում էին գյուլենական ուսումնական հաստատություններում:
-Արդյոք գյուլենականությունը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի աշխարհիկությանը:
-Ադրբեջանի համար ընդհանրապես կրոնական օրակարգը ժամանակի հետ կարող է ավելի վտանգավոր դառնալ: Տվյալ պարագայում խոսքը գնում է իսլամական մի քանի ուղղությունների միաժամանակ տարածմանն ու հաստատմանն այդ երկրում: Մի կողմից պետական շիական ուղղությունն է, որը հիմնական կրոնական ուսմունքն է, մյուս կողմից ազդեցություն հավաքող վահաբիզմը, սալաֆիզմը և ծայրահեղական այլ ուղղություններ: Գյուլենական շարժումը իր հերթին տարածում է թուրքական հանաֆիական մազհաբի սունիական ուղղությունը, որն ավելի չափավոր է և նպատակ ունի որոշակիորեն կանխել նաև ծայրահեղական ուղղությունների հետագա տարածումը: Սրանով նաև կարելի է բացատրել Ադրբեջանի իշխանությունների որոշակի թողտվությունն այդ շարժմանը՝ չնայած արդեն իսկ ցուցաբերում են զգուշավորություն և նաև դեմոնստրատիվ գործողություններ, ինչպես օրինակ՝ վերջին մի քանի տարիներին իրականացված ձերբակալությունները: Ադրբեջանի կրոնական արդեն իսկ խորացող խայտաբղետությունը ժամանակի հետ կարող է դառնալ վտանգավոր և անկառավարելի՝ ուղղակի առճակատման տանելով մյուս ուղղությունների հետ: Իսկ առճակատումն իր հերթին կարող է վերածվել զինյալ պայքարի ու ահաբեկչության: Գյուլենական շարժման վերաբերյալ բավական կոշտ ու բացասական վերաբերմունք են դրսևորում հատկապես վահաբիստները: Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանական շիական հոգևորականության մասին: Այս առումով Ադրբեջանի ապագան բավական մշուշոտ է:
-Ինչպիսի միտումներ ունի այդ շարժումն Ադրբեջանում:
-Ադրբեջանի իշխանությունների համար իսլամական գործոնը բավական վտանգավոր է և նրանց կողմից ամեն ինչ արվում է երկրում իսլամական ուղղությունների ազդեցությունը նվազեցնելու համար՝ չնայած դրան հակառակ հասարակական շերտերում կրոնի դերը գնալով մեծանում է և դա մեծ հաշվով անկասելի է: Իսկ իշխանությունների գործողությունները տալիս են հակառակ էֆեկտը: Այդ շարժումն Ադրբեջանում քաղաքական լուրջ գործոնի վերածվելու հնարավորություն ունի և դա էլ անհանգստացնում է ալիևյան կլանին: Հավանական է, որ մյուս խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն այդ շարժումը ավելի շատ քաղաքական կշիռ ձեռք կբերի և այդ միտումը գնալով կաճի: Սա կարելի է բացատրել նաև Թուրքիայի ներկայիս իշխանական համակարգի ազդեցությամբ:
-Իսկ ինչպիսին կլինեն Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքն ու քայլերը այդ շարժման նկատմամբ:
-Պետք է հաշվի առնել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ա. Փաշազադեի բացասական վերաբերմունքը գյուլենականների նկատմամբ և չի բացառվում, որ վերջին տարիներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ձերբակալությունները, ինչպես նաև Բաքվում թուրքական մզկիթների փակումը, հրահրված էին հենց նրա կողմից: Այս համատեքստում, չնայած նախկին տարիներին, Ալիևի վարչակազմը կարող է գնալ կտրուկ գործողությունների գյուլենական շարժման ազդցությունը կասեցնելու ուղղությամբ և դրա նախանշաններն առկա են: Մի կողմից Ալիևի վարչակարգը ցանկանում է հաշվեհարդար տեսնել նաև գյուլենականների հետ, սակայն հասկանալով, որ դա ուղղակի կվտանգի Թուրքիայի հետ հարաբերությունները, դեռևս էական գործողություններ չի ձեռնարկում: Մյուս կողմից էլ գյուլենական ուսմունքի ու իսլամի տարածումը ժամանակի հետ դառնում է ավելի վտանգավոր նույն այդ վարչակարգի համար: Ամերիկյան Ջորջ Մեսոն համալսարանի պրոֆեսոր Պ. Մանդեվիլը, օրինակ, նշելով, որ իսլամական ուղղությունները լուրջ վտանգ են ներկայացնում Ադրբեջանում, դրանց շարքին էր դասել նաև գլուլենական ուղղությունը՝ փաստելով, որ ադրբեջանական վերնախավը լրջորեն մտահոգված է դրանից: