Բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում
Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` նվիրված մոր և մանկան առողջապահական ոլորտի նորածնային սկրինինգ ծրագրերին:
Աշխարհում տարածում ունեն հատկապես նորածնային սկրինինգները, որոնք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդության բուժումը կամ ախտաբանական վիճակի շտկումը։ Դրա արդյունքում ծանր հետևանքներ կարող են չզարգանալ և երեխան կարող է մեծանալ գործնականում առողջ:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հայաստանում նորածնային սկրինինգ ծրագրերը սկսել են ներդրվել 2005 թվականից, որոնք հետագա տարիներին ընդլայնվել են ինչպես առանձին ծրագրերի, այնպես էլ աշխարհագրական ընդգրկվածության առումով:
Ներկայումս բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգային 5 ծրագիր է իրականացվում` բյուջետային միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Այս ծրագրերի իրականացման արդյունքներն են.
1) Բնածին հիպոթիրեոզ` 2005-ից կատարվել է 199 764 հետազոտություն, հայտնաբերվել է 60 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնության
2) Ֆենիլկետոնուրիա` 2008-ից 90 931 հետազոտություն է իրականացվել, հայտնաբերվել է 17 հիվանդ երեխա, որոնք ստանում են անվճար բուժօգնություն և հատուկ սնունդ
3) Լսողության սկրինինգ` 2008-ից կատարվել է 42 597 հետազոտություն, հայտնաբերվել է նեյրասենսոր ծանրալսությամբ 39 երեխա, որոնց կիրականացվի լսողության պրոթեզավորում կամ ականջի խխունջի պատվաստում
4) Անհասության ռետինոպաթիայի սկրինինգ` 2010-ից կատարվել է 1370 հետազոտություն, կուրության կանխարգելման նպատակով անցկացվել է 53 լազերային վիրահատություն
5) Նորածինների կոնք-ազդրային հոդի սկրինինգ` 2010-ից կատարվել է 8408 նորածինների ուլտրաձայնային հետազոտություն, հայտնաբերվել է 560 դեպք, որից` 32 վիրահատություն:
«Սկրինինգային ծրագրերի ծախսարդյունավետության հաշվարկները փաստում են, որ սկրինինգներին և վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժմանն ուղղված առողջապահական ծախսերը տասնյակ-հարյուրավոր անգամ զիջում են նույն հիվանդությունների ուշ հայտնաբերման դեպքում հիվանդի բուժման և խնամքի համար կատարվող բժշկական և սոցիալական ծախսերին»,-նշում են նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան