Աղբյուրներ. ԲՀԿ-ն ընտրությունների հետ կապված իր գործն անում է
Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, բայց որպես խորհրդարանում ներկայացված ուժ` ընտրական հանձնաժողովներում ունի ներկայացուցիչներ: Կուսակցությունից հայտարարել էին, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքը «Բարգավաճ Հայաստանը» վերահսկելու է ընտրական հանձնաժողովներում իր անդամների միջոցով, որոնց թիվն, ըստ ԲՀԿ ներկայացուցիչների, հասնում է շուրջ 700-ի:
«168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ, սակայն, չնայած թեկնածու չառաջադրելու և որևէ այլ թեկնածուի չսատարելու մասին կուսակցության հայտարարությանը, ԲՀԿ-ական գործարար պատգամավորներն ընտրողների` իրենց կոլեկտիվների անդամների, բարեկամների ցուցակներ են պատրաստում և ներկայացնում գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրասենյակներ: Ըստ նույն աղբյուրի` այդպիսով նրանք իշխանություններին հասկացնում են` անկախ այն բանից, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչ է անում, «մենք մեր փայ անելիքն անում ենք, մեզ մի կպեք»: