Բարաք Օբամա. Ներկայում ժամանակն է Իրանի միջուկային խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով
Ներկայում ժամանակն է Իրանի միջուկային խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Այդ մասին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ԱՄՆ նախագահն իր տարեկան զեկույցում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես նշել է. «Իրանի պատասխանատու պաշտոնյաները պետք է ընկալեն, որ ներկայում ժամանակն է, որպեսզի միջուկային խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով, քանի որ միջազգային հանրությունը միահամուռ կերպով պահանջում է, որ Թեհրանը կատարի իր պարտավորությունը»:
Իրանական աղբյուրը նշում է, որ մինչ այդ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին ևս հայտարարել էր, թե Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար դեռևս ժամանակ կա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը օրերս Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել:
Ի պատասխան Բայդենի հայտարարության՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր. «Ես դիվանագետ չեմ, ես հեղափոխական եմ. իմ խոսքը պարզ է և դիպուկ: Դուք՝ ամերիկացիներդ, զենքը պահել եք մեզ վրա և ասում. «կամ բանակցում եք, կամ կրակում ենք»: Լավ իմացեք, ճնշումն ու բանակցությունները միմյանց հետ չեն զուգակցվում»:
Նշենք, որ օրերս Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին էլ իրանական «փրեսսթիվի.իռ» կայքին տված հարցազրույցում, մատնանշելով Իրաքի և Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ի և Իրանի միջև մինչ այդ տեղի ունեցած բանակցությունները, նշել է, որ Միացյալ Նահանգների հետ երկկողմ բանակցություններն արգելված գոտի չեն և Թեհրանը ողջունում է ԱՄՆ-ի՝ Իրանի հետ ուղղակի բանակցելու պատրաստակամությունը:
Իսկ ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացված ուղղակի բանակցությունների մասին տեղեկատվությանը, մասնավորապես նշել էր. «Ես ոչ Օմանում, ոչ էլ այլ երկրում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեմ անցկացրել: Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը գտնվում է հոգևոր առաջնորդի լիազորությունների ներքո. Ալի Խամենեին մինչ այժմ որևէ մեկին ԱՄՆ-ի հետ բանակցելու թույլտվություն չի տվել»:
ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդը հանդիսանում է երկրի ԶՈւ գերագույն հրամանատարը և նրա լիազորությամբ է մշակվում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի վրա ռազմական հարձակման փոխարեն ԱՄՆ-ն նախընտրում է բողոքի ցույցերն ու անկայունությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում