Մեկնարկում է «Հակամարտություն և հաշտեցում» միջազգային կինոփառատոնը
Այսօր Երևանում բացվել է «Հակամարտությունը և հաշտեցումը Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը: Փառատոնը մեկնարկում է «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ՝ այսօր ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:
Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
Այսօրվանից մինչև ապրիլի 10-ը Եվրոպայի և ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների ինը մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին, կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:
Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը և մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արևելյան Եվրոպայում հակամարտություններից և հաշտեցումից քաղված դասերը:
«Արվեստը հզոր գործիք է: Այս ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, և դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, ովքեր ունեցան այլ մարդկանց մասին հոգ տանելու քաջություն՝ սովորական մարդիկ, ովքեր արտասովոր քայլեր արեցին՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը: Նրանց օրինակը կարող է օգնել մեզ այսօր կառուցելու ավելի լավ աշխարհ»,- ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսը:
«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության աջակցության շնորհիվ ֆիլմերի ցուցադրությունն անվճար է, և փառատոնը բաց է բոլորի համար: Կինոփառատոնը հնարավոր դարձավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի դեսպանությունների համատեղ ջանքերով: