Րաֆֆի Հովհաննիսյան. «Երեք նախագահների դարաշրջանը մոտեցել է ավարտին»
Նախընտրական քարոզարշավի երթուղին երեկ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին և նրան ուղեկցող կամավորների խմբին Նոյեմբերյանից տարավ Լոռու մարզ:
Թեկնածուի նախընտրական շտաբից հայտնում են, որ Վանաձորի ճանապարհին թեկնածուն կանգ է առել Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Այրում կայարան, Ախթալա, Ալավերդի, Օձուն, Մղարդ, Կողես, Յաղդան, Ագարակ, Լոռիբերդ, Ստեփանավան, Տաշիր, Մեծավան, Վանաձոր, Սպիտակ բնակավայրերում, որտեղ հանդիպումներ ունեցավ ընտրողների հետ և հակիրճ ներկայացրեց ծրագրային իր հիմնադրույթները, պատասխանեց մարդկանց հետաքրքրող հարցերին: Ամենուրեք Հովհաննիսյանը հորդորել է հաղթահարել վախի մթնոլորտը և իրենց ընտրությունը կատարել ազատ, անկաշկանդ ու խղճի մտոք:
«Որևէ տարակույս չունենաք, որ այս անգամ հաղթանակը ժողովրդինն է լինելու. ուրեմն մեզնից պահանջվում է հավատալ, մասնակցել և միասնաբար տեր կանգնել սեփական քվեին»,- այցելած վայրերում վստահեցրել է նախագահի թեկնածուն:
Ըստ աղբյուրի, քարոզարշավի նախավերջին հանգրվանը մարզկենտրոնն էր, որտեղ նախատեսված էր դահլիճային հանդիպում ընտրողների հետ: Շառլ Ազնավուրի անունը կրող մշակութային տան դահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ «Րաֆֆի՛» և «նախագա՛հ» վանկարկումներով դիմավորել են Րաֆֆի Հովհաննիսյանին:
Կարևորելով Վանաձորի արդյունաբերության երբեմնի հռչակը վերադարձնելու, մարզի արդյունաբերական և գյուղատնտեսական ողջ ներուժը ազգաբնակչության բարեկեցությանն ի սպաս դնելու անհրաժեշտությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «2014 թվականի բյուջեում 100 մլն դոլարին համարժեք դրամ կհատկացվի, որպեսզի մեկընդմիշտ լուծվի աղետի գոտում բնակարանների և ենթակառույցների հարցը»:
Հովհաննիսյանն արձագանքել է նաև «չարի ու բարու» հակադրության հիշատակման վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու և գործող նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա դիտարկմանը:
«Երեք նախագահների դարաշրջանը մոտեցել է ավարտին: Գալիս է հայ ժողովրդի դարաշրջանը, իրական ժողովրդավարության, այլ ոչ միապետության դարաշրջանը, հայրենիք վերադառնալու դարաշրջանը: Վերջ առանց հայրերի հարսանիքներին և ոչ լիարժեք ընտանիքներին: Միայն վերջին հինգ տարիներին մեր երկիրը լքել է 200 հազար մարդ: Մենք պետք է վերջ դնենք դրան և մենք կանենք դա` բարձր աշխատավարձերով և թոշակներով, արժանի աշխատատեղերով», և ապա գործող իշխանությունը Արցախի ճանաչումը անվանում է ավանտյո՞ւրա: Իսկ այդ դեպքում ո՞րը ավանտյուրա չէ, մադրիդյան սկզբունքնե՞րը, միակողմանի զիջումնե՞րը` առանց Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի մեր հայրենակիցների մասին մտածելու: Արցախի, նրա տարածքային ամբողջականության ճանաչումը մեր ուղղակի պարտականությունն է»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վանաձորցիների հետ հանդիպումն ավարտվել է «Ռեինկարնացիա» խմբի համերգով:
Իսկ ետդարձի ճանապարհին ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է Սպիտակի հելիոկայան, որը Հայաստանում մեծ հեռանկարներ խոստացող հելիոտեխնիկական արդյունաբերության առաջնեկն է: