Կարեն Նազարյանը ՄԱԿ-ում հիշեցրել է Խոջալուի, Բաքվի, Կիրովաբադի վայրագությունների մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) երեկ տեղի է ունեցել «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում: Անդրադառնալով մինչ այդ քննարկմանը Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին` դեսպան Նազարյանը հայտնել է, որ իր համար անակնկալ չէր երկար տարիներ Բաքվի կողմից կիրառվող փաստերի աղավաղման պրակտիկան:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նա հավելել է, որ ժամանակն է եկել փոխարինելու քարոզչության այդ անփոփոխ հռետորաբանությունն ու սին մեղադրանքները կառուցողական քայլերով, որոնք նպաստավոր միջավայր կստեղծեն հարցի խաղաղ կարգավորման համար: Կարեն Նազարյանը հիշեցրել է Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ այդ ժամանակաշրջանի Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որտեղ վերջինս մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը իշխանությունը զավթելու նպատակով սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու գործում:
Դեսպանը շարունակել է, թե Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկի այն անձանց, որոնք իրականացրել են Խոջալուի սպանությունները, ինչպես նաև 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի դեմ վայրագությունները: ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնավորապես նշել է.
«Ուղիղ 25 տարի առաջ, ի պատասխան Արցախի ժողովրդի խաղաղ ու ինքնորոշման իրավունքի սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները ջարդեր իրականացրեցին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակվող անպաշտպան հայերի դեմ: Վայրագություններն իրականացվեցին հայ փոքրամասնության նկատմամբ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց տանը, և, ովքեր հարձակման ենթարկվեցին միմիայն իրենց էթնիկ պատկանելիության համար: Այնուհետև Բաքվում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ քաղաքներում իրականացվեցին առավել վայրագ ու զանգվածային կոտորածներ` հանգեցնելով շուրջ կես միլիոն հայերի էթնիկական զտումների և տեղահանության»:
Կարեն Նազարյանն այնուհետև հիշեցրել է ԱԽ-ին, որ այդ վայրագություններին հետևել են Ադրբեջանի ռազմական գործողություններն ու հարձակումները, որոնք նպատակ ունեին ռազմական լուծում տալու ԼՂ հարցին` տարածաշրջանում սանձազերծելով ագրեսիա Արցախի հանդեպ:
ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին, որտեղ հղում է կատարում քաղաքացիական հաստատությունների ու օբյեկտների դեմ հարձակումներին, ինչը, ըստ ԿԽՄԿ ուսումնասիրությունների, առավել բարդ ու քիչ ճանաչում գտած հումանիտար խնդիր է: Ըստ Նազարյանի, Հայաստանը միանում է այն դիրքորոշմանը, որ ԱԽ պետք է առավել ակտիվ մոտեցում որդեգրի կանխելու ու արձագանքելու նման միջադեպերին, և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել առողջապահական հաստատությունների, քաղաքացիական օբյեկտների տրանսպորտային միջոցների դեմ ուղղված հարձակումները` ներառյալ քաղաքացիական օդանավերի նկատմամբ սպառնալիքները:
Այդ համատեքստում, Հայաստանի դեսպանը կրկին անգամ ԱԽ ուշադրությունն է հրավիրել առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին իրականացնել փոխվստահության ամրապնդման միջոցառումներ` չեզոքացնելու սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչության դեմ ուղղված վտանգը` առաջարկելով հեռացնել դիպուկահարներին շփման գծից և հրադադարի դեպքերի խախտման համար ստեղծել հետաքննող մեխանիզմներ:
Կարեն Նազարյանն իր խոսքն ավարտել է` հայտնելով Հայաստանի հանձնառությունը խաղաղարար գործընթացին, նշելով նաև, որ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միմիայն խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա: