«Ոչ մի պարսկական ոչխար Սյունիքի ձորում». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի առջև
«Հայազն» կուսակցության նախաձեռնությամբ այսօր ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է կայացել` ընդդեմ Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Իսլամական հանրապետությանը վարձակալության տալու մասին որոշման: Ակցիայի մասնակիցները, ովքեր ձեռքներին ունեին «Ոչ մի պարսկական ոչխար Սյունիքի ձորում», «Սյունիքը ձեզ համար արոտավայր չէ» կարգախոսով պաստառներ, կառավարությունից պահանջում էին չեղյալ հայտարարել վարձակալության որոշումը:
«Հայազն» կուսակցության մամլո պատասխանատու Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ այս գործարքը պետք է չեղյալ համարել, իսկ հետագայում նման որոշումները պետք է բացառել: «Այս որոշումը վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությունը: Մենք պահանջում ենք նաև, որ պատժվեն բոլոր այն պաշտոնյանները, ովքեր առաջին իսկ փուլից մասնակցել են բանակցություններին: Երբ ազգային շահը շահույթից ավելի ցածր է գնահատվում, ուրեմն բոլոր մեղավորները պետք է պատժվեն», -ասաց նա:
Ա. Հովհաննիսյանի խոսքերով՝ նման փաստաթուղթ կա, տեքստ հայտնի է և դրա գոյությունը հաստատում է ԻԻՀ-ի պաշտոնատար անձինք: Նրա խոսքերով՝ նախատեսվում է, որ արոտավայերը իրանցիներին կտրամադրվեն վարձակալության 26 դոլարով՝ 1 հա-ի համար: «Խոսքը գնում է 50 հազար հա-ի մասին: Սա կբերի բնապահպանական կոլապսի, քանի որ մեր փոքր երկիրը չի կարող դիմանալ ոչխարաբուծության այդպիսի մասշտաբներին, դա կբերի նրան, որ այդ տարածքներում կհաստատվեն Արևելյան Ատրպատականի քոչվոր ցեղերը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները: Սա անընդունելի է: Ի վերջո Սյունիքը մեզ համար ռազմավարական մեծ նշանակություն ունի»,- ասաց նա:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները կառավարությանը նամակ փոխանցեցին, որում կոչ են անում՝ չեղյալ համարել այդ որոշումը:
Նախորդող՝ Սյունիքի արոտավայրերը Իրանին վաճառելու մասին իրավական որևէ փաստաթուղթ չկա. Նախարարը հանգստացրել է մտահոգվածներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին