Դինքի սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքի տեղեկացմամբ` Հրանտ Դինքի սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործը քննող Ստամբուլի անչափահասների գործերով քրեական դատարան ուղարկված մեղայական նամակ, ըստ աղբյուրի, ստիպել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով դատախազ Մուամեր Աքքաշին քայլեր ձեռնարկել: Նամակ ուղարկողը, որը Թոքաթի նահանգում ազատազրկման դատապարտված մի բանտարկյալ է, հայտնում է, որ իր և ընտանիքի անվտանգության ապահովման պարագայում, պատրաստ է հանցագործության մասին տեղեկություններ և փաստեր ներկայացնել:
Կայքից տեղեկանում ենք, որ գործը քննող դատախազ Աքքաշի կարգադրությամբ նամակի հեղինակը ընտանիքի հետ միասին վերցվել են ոստիկանության հսկողության տակ:
Ըստ վերոնշյալ անձի պնդումների՝ ինքը ճանաչել է Դինքի սպանության գործով մեղադրյալ Էրհան Թունջելին: Նրանք սպանությունից առաջ «Ակոս»-ի խմբագրության շենքի տարածքը զննել են, իսկ սպանությունը կազմակերպել է մի խումբ, որի մեջ ընդգրկված են եղել և ինքը, և Էրհան Թունջելը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրության առաջ: