«Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է ՀԱԿ-ի գերին»
Անդրադառնալով ՀԱԿ-ի կուսակցականացման գործընթացին` «Голос Армении»-ն գրում է, որ «ՀԱԿ» անվանումով կուսակցության ստեղծումը ոչ այլ ինչ է, քան պարզապես ՀՀՇ-ի անվան փոխակերպում: Իրականում, ՀԱԿ-ի անվան տակ Լ. Տեր-Պետրոսյանը փորձում է թաքցնել ժողովրդի համար այդքան ատելի դարձած ՀՀՇ-ն: Այս կապակցությամբ թերթը խորհրդային տարիներից մնացած մի զավեշտալի արտահայտություն է մեջբերում. «Հենց փորձում ենք նոր կուսակցություն ստեղծել, էլի Կոմկուս է ստացվում»:
ՀՀՇ-ն այլ անվան տակ թաքցնելու առաջին անհաջող փորձը Լևոն Տեր-Պետրոսյանն արել է դեռ 1995 թ-ի խորհրդարանական ընտրություններին, երբ ՀՀՇ-ականները հանդես եկան «Հանրապետություն» նախընտրական բլոկի ներքո: ՀԱԿ-ի առաջնորդը փորձում է Կոնգրեսի անդամ կուսակցություններին համոզել, թե ՀՀՇ-ն ձուլվում է ՀԱԿ-ում գործող այլ կուսակցություններին, այնինչ, իրականում, մյուս կուսակցություններն են ձուլվում ՀՀՇ-ի մեջ:
«Այսօր արդեն պարզ է դարձել, որ ՀԱԿ-ը ոչ այլ ինչ է, քան ՀՀՇ-ն, որտեղ որոշումներ է կայացնում միմիայն Լ. Տեր-Պետրոսյանը, իսկ մյուս կուսակցությունները պարզապես ձևական դերակատարում ունեն»,-նշում է «ГА»-ն` մեջբերելով ԺՀԿ առաջնորդ Պետրոս Մակեյանի հայտարարությունն առ այն, որ ՀԱԿ-ի հանդեպ «կազմաքանդում» գործընթացը, որը սկիզբ առավ Տեր-Պետրոսյանի քաղաքական վերլուծությունից, այսօր իր ավարտին է հասցվում: Միևնույն ժամանակ թերթը նկատում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը դարձել է ՀԱԿ-ի գերին, քանի որ շատ լավ հասկանում է, որ իր հեռանալու դեպքում այն կքանդվի, և այդ է պատճառը, որ վերջինս ցանկանում է կուսակցականացնել Կոնգրեսը` այն Լ. Զուրաբյանին հանձնելու միտումով: