Միայն ժողովուրդը կարող է շտկել ստեղծված խայտառակ վիճակը. Պարույր Հայրիկյանի հայտարարությունը
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Ընտրություններից 4 օր առաջ մենք պարտավոր ենք ընդհանրական գնահատական տալ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած երևույթներին։ Յունուարի 21-ից 31-ը Հայրիկյանի վարկանիշի կայուն աճը արձանագրում էին բոլորը, նույնիսկ չկամեցողները նրա անունը նշում էին առաջին եռյակում։ Հունվարի 31-ի մահափորձը ընտրապայքարից դուրս դրեց հիմնական թեկնածուներից մեկին։
Դա աշխարհի որևէ երկրում կզգաստացներ մյուս թեկնածուներին։ Ահաբեկչությանը հակադարձելով մի խումբ մտավորականներ համացանցում դիմեցին բոլոր թեկնածուներին՝ կոչ անելով նրանց հանել իրենց թեկնածութիւնները։ Սակայն նրանք ամենայն հանգստությամբ, ասես ոչինչ տեղի չի ունեցել, շարունակում էին իրենց քարոզարշավը։ «Շահեկան» իրավիճակ էր․ թեկնածուները, ըստ էության, դարձել էին այդ սպանությունը պատվիրողների դաշնակիցը։ Փամփուշտով չտապալվածին հաղթում էին նրա բացակայությամբ իրականացվող քարոզարշավով։ Միան Սերժ Սարգսյանը դադարեցրեց քարոզարշավը՝ այն էլ ընդամենը մեկ օրով։
Մյուս հիմնական թեկնածուներից առաջինը գոհունակությամբ արձանագրեց, որ միայն փոխվել է իրավիճակը, երկրորդը՝ ավելին արեց, կասկած արտահայտեց մահափորձի վերաբերյալ։ Այսպիսի իրավիճակում ես եղել եմ 1990 թվականին երբ ահաբեկիչները ինձ ասպարեզից հեռացրել էին և Հայաստանի Գերագույն Խորհրդի ընտրություններ էին կազմակերպում։
Բայց ժողովուրդը՝ ընտրողը դարձավ հիմնական դերակատարը։ Ես Հայաստանից հեռացված լինելով ձայների 90%-ը ստացա ու որպես պատգամավոր վերադարձա հայրենիք։ Հիմա էլ նույն իրավիճակն է։ Միայն ժողովուրդը կարող է շտկել ստեղծված խայտառակ վիճակը։ Գոնե նա պետք է ցույց տա, որ ինքն ահաբեկիչների հետ չէ»։