Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց. Նա հավանաբար կպառկի
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ցավերն ուժգնացել են և նրան տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը:
«Եթե նախկինում նրա աջ ձեռքն էր ցավում, ապա հիմա սկսել է վերքը ցավել: Այնքան անտանելի էր ցավը, որ նա հրաժարվեց մասնակցել քարոզարշավին ու տեղափոխվեց հիվանդանոց»,-ասաց Մանյա Այվազյանը: Նրա խոսքով, բժիշկներն ասել են, որ «անպայման պետք է պառկի հիվանդանոց»:
Նա ասաց, որ իրենք այժմ մեկնում են դեպի Սպիտակ ու Վանաձոր: «Պայմանավորվածություն կար, որ Վանաձորում ժամը 5-ին դահլիճում կունենանք ընտրողների հետ հանդիպում, սակայն պարոն Հայրիկյանը չկարղացավ գալ»,-փոխանցեց տիկին Այվազյանը:
Հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի նկատմամբ հրազենի գործադրմամբ հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքական գործիչը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ու մի քանի օր հետո դուրս եկել քարոզարշավի: