Ադրբեջանում սպանված գրողի եղբոր զգուշացումը. Հայերի ջարդերի մասին պատմող գրքի հեղինակի մահը որոշ ժամանակ անց անխուսափելի կլինի
Անցյալ տարի Բաքվում սպանված գրող-հրապարակախոս Ռաֆիգ Թաղիի եղբայր Իլգար Թաղին հայտարարել է, որ հայերի ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի շուրջ Ադրբեջանի իշխանությունների դրդմամբ ստեղծված զանգվածային հիստերիան հիշեցնում է նրան իր եղբոր հետ կատարվածը:
Ռաֆիգ Թաղիին նույնպես դատապարտում էին իր հրապարակումների պատճառով և նրա «մահն» էին ցանկանում:
«Բիզիմ յոլ» կայքի հետ հարցազրույցում Իլգար Թաղին պատմել է, թե ինչպես են իր եղբոր դեմ բողոքներ անցկացվել այնպիսի մարդկանց կողմից, ովքեր նույնիսկ չէին ընթերցել նրա «Եվրոպան և մենք» հոդվածը, ավելին, նրանք անգամ իրենց անունները չէին կարողանում գրել:
«Նարդարանի բնակչությանը հանեցին նրա դեմ: Դատարան էր գալիս վերահսկվող զանգված, ակնհայտ երևում էր, որ դա պատվեր էր: Այս երկու գործերի բովանդակությունը նույնն է: Աքրամ Այլիսլիի կնոջն ու որդուն աշխատանքից հանել են, սա նույն ձեռքի գործն է: Աքրամ Այլիսլիին դեռևս «հումքի» են վերածում, իսկ որոշ ժամանակ անց նրա մահն անխուսափելի կլինի»,- հայտարարել է Ի. Թաղին:
Իլգար Թաղիի կարծիքով, գրողների շուրջ իրականացվող այդ հարձակումները ժողովրդին հիմնական խնդիրներից շեղելու նպատակով են կազմակերպվում: «Այս ամենը կեղտոտ խաղեր են, որոնք հիմնական թիրախը շեղելու նպատակ են հետապնդում»,-ասել է նա:
Նշենք, որ 2006 թ.-ի նոյեմբերին իսլամական արժեքները քննադատող հոդվածի համար «Սենեթ» թերթի խմբագիր Սամիր Սադաթօղլին և գրող Ռաֆիգ Թաղին ձերբակալվել են: 2007 թվականի մայիսին նրանց դատապարտել են համապատասխանաբար չորս և երեք տարի ազատազրկման: Նույն տարում նրանց ներում են շնորհել:
Հիշեցնենք նաև, որ 2011 թվականի նոյեմբերի 19-ին Ռաֆիգ Թաղիի վրա հարձակում էր իրականացվել, որի պատճառով նա ստացել էր դանակի վեց հարված: Նրան վիրահատել են, սակայն վիրահատությունից հետո, նոյեմբերի 23-ին նա մահացել է Բաքվի կլինիկական հիվանդանոցում: Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննադատել է Ռաֆիգ Թաղիի սպանությունը և կոչ արել Ադրբեջանի իշխանությանը անցկացնել մանրակրկիտ հետաքննություն, պատժել բոլոր մեղավորներին: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ: Եվրոխորհուրդը նույնպես քննադատել է գրողի սպանությունը և կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: