Էպոսագետ. Հայրիկյանի դեմ մահափորձը մասոնական կազմակերպության գործն է
ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը որոշ «բացահայտումներ» արեց Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ:
Սեդրակյանը Հայրիկյանի մահափորձի մեղավորներին համարում է մեկ այլ թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող մասոնական մի կազմակերպության:
«Պ. Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում գործունեություն ծավալած մի մասոնական կազմակերպության կողմից: Այդ կազմակերպության անդամներ են նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, իսկ Պարույր Հայրիկյանը պատահաբար ընտրված զոհ է: Պ. Հայրիկյանը գիտեր, որ իր դեմ նման բան է կազմակերպվելու: Գուցե Ր. Հովհաննիսյանը չի իմացել, բայց այն ուժերը, որ իրեն սատարում և ֆինանսավորում են, հաստատ իրենց գործն է»,- ասել է էպոսագետը:
Նրա խոսքով, որոշ ժամանակ առաջ Հայաստանում կազմակերպվել է մասոնական հավաք, որի մասնակիցների անուններն այդպես էլ չհրապարակվեցին, իսկ իրեն մեղադրելով, ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել ընտրապայքարի միակ թեկնածուին, ով ազգայնական գաղափարներով է առաջնորդվում: