Հայաստանում կան ժամկետանց, չգրանցված դեղեր
Հայաստանում վերջին երկու տարում որևէ կեղծ դեղ չի հայտնաբերվել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում լուրջ քայլեր են ձեռնարկվում կեղծ դեղերի դեմ պայքարի ուղղությամբ:
«Ցանկացած ահազանգ տնտեսվարողի կողմից նախարարությունն ուսումնասիրում է: Այսօր վստահաբար հայտարարում եմ, որ Հայաստանում կեղծ դեղի շրջանառություն չունենք»,- նշեց Ս.Քրմոյանը՝ հավելելով, որ կեղծ դեղերի հայտնաբերումը՝ անկախ նրանից, դրա արդյունքում վնաս է պատճառվել մարդու առողջությանը, թե ոչ, առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Ինչ վերաբերում է չգրանցված կամ ժամկետանց դեղերին, ապա, ինչպես աշխատակազմի ղեկավարը խոստովանեց, նման խնդիր Հայաստանում կա: «Չգրանցված, ժամկետանց դեղերի խնդիր մենք, իրոք, ունենք»,- շեշտեց Ս. Քրմոյանը: Այդուհանդերձ, նա նշեց, որ չգրանցված և ժամկետանց դեղերի քանակը էապես նվազել է: «Նման դեղերի հայտնաբերման ուղղությամբ նախարարությունը հետևողական աշխատանք է տանում: Օրինակ՝ ունենք սուբյեկտներ, որտեղ երկու անգամ ենք դիտարկում իրականացրել և երկու անգամ էլ պատասխանատվության ենք ենթարկել»,- ասաց նա:
Ս.Քրմոյանը նաև նշեց, որ եթե նախկինում կային տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ունեին չգրանցված դեղեր, ապա այսօր դրանք ավելի զգուշավոր են գործում, քանի որ գիտեն՝ մշտապես գտնվում են առողջապահության նախարարության ուշադրության ներքո:
«Մենք չենք հերքում, որ շուկայում դեռևս հայտնաբերում ենք ժամկետանց, չգրանցված դեղեր, իսկ ինչ վերաբերում է կեղծ դեղերին, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանում դրանց շրջանառություն չկա, համենայնդեպս վերջին շրջանում որևէ նման դեպք չի գրանցվել»,- մեկ անգամ ևս ընդգծեց Ս.Քրմոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա